Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բուչայում քաղաքացիական անձանց սպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջ՝ միջազգային հանրությանը կոչ անելով արձագանքել: Նրա խոսքով՝ հարկավոր է Միավորված ազգերի կազմակերպության համակարգը վերափոխել։ Առաջարկում եմ Կիևում համաժողով անցկացնել և քննարկել՝ ինչպես ամրապնդել միջազգային իրավունքը՝ հայտարարել է Զելենսկին՝ շեշտելով Ուկրաինան Անվտանգության խորհրդի որոշումների կարիքն ունի: Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը երկու ելք ունի:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Պետք է սահմանափակել Ռուսաստանի լիազորությունները, որպեսզի Մոսկվան չարգելափակի իր ագրեսիայի հետ կապված որոշումները: Այդ ժամանակ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Երկրորդ տարբերակը ՄԱԿ-ի ինքնալուծարումն է: Եթե խոսքերից բացի դուք ոչնչի ընդունակ չեք, ապա այլ տարբերակ չի մնում։ Ուկրաինային, Եվրոպային, ողջ աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ։
Ռուսական կողմը պատասխանում է․
Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ) - Ձեր խղճին ենք թողնում Բուչայի դեպքերի հետ կապված՝ ռուս զինծառայողների հասցեին հնչող մեղադրանքները, որոնք հաստատող ապացույցներ չունեն։ Բոլորդ տեսել եք միայն այն, ինչ Ձեզ ցանկացել են ցույց տալ: Բայց չեք կարող չտեսնել ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցների վարկածներում առկա բացահայտ անհամապատասխանությունները: Այդ դիակները չկային, երբ ռուսական զորքերը լքում էին Բուչան։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ պատրաստ են վկայություն տալ Ուկրաինայում նեոնացիստների հանցագործությունների մասին։
Նեբենզյան հավելել է նաև, որ Ռուսաստանին տեսականորեն հնարավոր է հեռացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, բայց ոչ Անվտանգության խորհրդից։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է և այդ փաստը փոխել անհնար է, սակայն հնարավոր է մեկուսացնել Մոսկվային: «Մենք կարող ենք Ռուսաստանի համար անհարամար միջավայր ստեղծել կառույցում, մենք դա արդեն արել ենք», - հավելել է նա:
Ռուսաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից հեռացնելու՝ Զելենսկու կոչին է անդրադարձել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին։
Ջեն Սակի (Սպիտակ տան մամուլի խոսնակ) - Կարծում եմ՝ Ուկրաինայի նախագահն արտահայտել է իր հիասթափությունը, որը մենք կիսում ենք։ Սակայն ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հնարավորություն մենք չենք տեսնում։
Բուչայում տեղի ունեցածի համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքները հերթական անգամ հերքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Հարց է առաջանում. ո՞րն է Բուչայում այս սադրանքի պատճառը։ Մեր կարծիքով՝ ռուս-ուկրաինական բանակցությունները խափանելը, ավելին, հենց այն ժամանակ, երբ Կիևը ներկայացրեց Ուկրաինայի կարգավիճակին և անվտանգության երաշխիքներին վերաբերող իր գրավոր տեսլականը։
Լավրովն ընգծել է նաև, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը: Սակայն եթե ուկրաինական պատվիրակությունը շարունակի հրաժարվել ապազգայնականացման, ապառազմականացման և ռուսերենի հարցը քննարկելուց, դա չի նպաստի բանակցային գործընթացին։ Նա նաև մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև հնարավոր պայմանավորվածությունների արդյունքները հանրաքվեի դնելու Կիևի ցանկությունը։
Մոսկվայի և Կիևի միջև աճող լարվածության ֆոնին Արևմուտքը շարունակում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և աջակցություն տրամադրել Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիևին 100 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել, որը կներառի հակատանկային համակարգեր, հայտնել են Սպիտակ տնից։ Ջեն Սակիի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նաև կհայտարարեն Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումների մասին, որոնք կտարածվեն ֆինանսական հատվածի, պետական կառույցների վրա, ինչպես նաև կարգելեն Ռուսաստանում նոր ներդրումներ կատարելը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, այնուհանդերձ, համոզված է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմը չի բխում Վաշինգտոնի շահերից։ Մեր նպատակը Մոսկվային պատասխանատվության ենթարկելն է»,- հավելել է Սպիտակ տան խոնակը։
ԵՄ-ն էլ անցանկալի անձ է հռչակել կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակցի։ Միության արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ նշված է, որ վերջիններս ԵՄ դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեություններ են իրականացրել։ ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով որոշմանը, հայտարարել է՝ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի։