ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան լրագրողներին, հատկապես ամերիկացիներին, մեղադրել է Ուկրաինայի Բուչա քաղաքում հանցագործություններին նպաստելու համար։
«Ես մեղադրում եմ արևմտյան լրատվամիջոցներին և առաջին հերթին՝ ամերիկյաններին, ոչ միայն կեղծիքների և ապատեղեկատվության տարածման, այլև Բուչա քաղաքում հանցագործության մեղսակցության մեջ»,- РИА Новости-ն մեջբերում է նրա խոսքերը։
Բացի դրանից՝ Զախարովան ասել է, որ ռուսական զորքերն անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուկրաինական Բուչա քաղաքից ստացված կադրերը կեղծ է անվանել։ Արտգործնախարարի խոսքով՝ այդ կերպ Արևմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով էլ՝ այն ժամանակահատվածում, երբ Բուչան գտնվում էր ռուս զինվորականների հսկողության տակ, տեղի ոչ մի բնակիչ չի տուժել բռնի գործողություններից։
Ավելի վաղ Չինաստանն ու Հնդկաստանը կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել Բուչայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։