ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՏՆԱՀԱՐԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
2020-ին, երբ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Ադրբեջանը՝ դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին՝ ընդգծել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Մոնակոյում ընթացող համաժողովի գլխավոր թեման ռուս-ուկրաինական հակամարտությունն է. Արման Եղոյանը հայտարարել է, որ Հայաստանը և Արցախը նույնպես դիմակայում են անվտանգային և մարդասիրական ճգնաժամի։
Արման Եղոյան (Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար) - Միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ՝ Ադրբեջանը թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործում ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար տեսնում այն ծերերի նկատմամբ, որոնք չէին հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացման ընթացքում։ Ու այս դժվար օրերին հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել է իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչո՞ւ։
Եղոյանը հիշեցրել է՝ ստեղծված իրավիճակին առաջիններից մեկը արձագանքեց Ֆրանսիայի նախագահը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Եղոյանը նաև հիշեցրել է միջազգային կառույցների արձագանքը պատերազմին. Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանն օգտագործել է կասետային ռումբեր։ Genocide Watch-ն էլ զգուշացրել՝ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը ոչնչացնելու Ադրբեջանի նպատակի մասին: Վերջերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:
Արման Եղոյան - Բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա, ընդհանրապես ուժի գործադրման անթույլատրելիության կոնտեքստում, խաղաղության կոնտեքստում, այս առումով կարևոր էր հիշեցնել, որ եթե խոսում են արժեքներից, սկզբունքներից, պետք է խոսենք բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական շահեր կան դրա տակ, բայց անդրադարձա աշխարհաքաղաքական շահերին՝ ասելով, թե դեռ մեծ հարց է, թե Արցախյան պատերազմում ինչ աշխարհաքաղաքական շահեր կային, և դրա շուրջ մտածելու կարիք ունենք բոլորս:
ՏԱՍՆՅԱԿ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ. ԵՂՈՅԱՆ
Արման Եղոյանը նաև ընդգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնելուց:
Արման Եղոյան - Հայտարարությունները լինում են վեհաժողովների ժամանակ, որը դեռ առջևում է, էնտեղ էլ կբարձրաձայնենք, ավելի մեծ ֆորմատով, այնտեղ բոլոր երկրների պատվիրակություններն են լինելու, ոչ միայն Եվրոպայի տարածաշրջանի, քննարկում էլ էնտեղ կունենանք, կփորձենք նաև բանաձևերի տեսքով ամրագրել խնդիրներն ու լուծումներ առաջարկել:
Այս օրերին տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների ամենամյա համաժողովին մասնակցում է 16 պետության պատվիրակություն: