ԿԻԵՎԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Կիևը շարունակում է Մոսկվայի հետ հանդիպելու հնարավորություն փնտրել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը, հավելել նաև, որ հանդիպման ժամանակ պետք է լուծում գտնել, սակայն այդ լուծումը, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, չի կարող լինել Ուկրաինայի տարածքային կորուստների տեսքով: «Ուկրաինան այլ տարբերակ չունի, քան բանակցել Ռուսաստանի հետ մարտերը դադարեցնելու համար»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը, ակնարկել նաև՝ հնարավոր է, որ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ չկայանա:
Անդրադառնալով Ռուսաստանի առաջ քաշած ապառազմականացման և ապազգայնականացման պահանջներին՝ Զելենսկին նշել է, որ դրանց մասին պետք է մոռանալ. Կիևը չի էլ պատրաստվում քննարկել դրանք: Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահը նշել է նաև, որ այս պահին չկա երկրների ցանկ, որոնք պատրաստ են 100 տոկոսով երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։ «Մեզ լուրջ խաղացողներ են պետք, որոնք պատրաստ են ամեն ինչի։ Մեզ պետք են պետություններ, որոնք պատրաստ են ցանկացած զենք տրամադրել 24 ժամվա ընթացքում, մեզ պետք են առանձին երկրներ, որոնցից իսկապես կախված է պատժամիջոցների քաղաքականությունը»,- ընդգծել է Զելենսկին։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎՍ ՉՈՐՍ ՊԱՀԵՍՏ
Ուկրաինական զորքի հոգեբանական գործողությունների գլխավոր կենտրոնը Ուկրաինայի Մոշչուն գյուղում բեմադրված նոր նկարահանում է իրականացրել «խաղաղ բնակիչների» մասնակցությամբ, որոնք իբրև սպանվել են ռուսական զինվորականների կողմից՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ նմանօրինակ գործողություններ են կազմակերպվել Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Սումիում, Կոնոտոպում և այլ քաղաքներում: Կոնաշենկովը նշել է նաև, որ ռուս զինվորականները գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական զորքի համար նախատեսված վառելիքի ևս 4 պահեստ։ ՊՆ-ի տվյալներով` ռուսական զորքն անցած գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական կողմի 134 ռազմական օբյեկտ:
ՌԴ-Ն ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ Է ԶՈՐՔԵՐԸ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանն իր զորքերը վերախմբավորում է և ուժերը կենտրոնացնում երկրի արևելյան հատվածում։ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Սլավյանսկի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է վերսկսել հարձակումը։ «Նրանք մասնակի հաջողության են հասել Բարվենկովոյի ուղղությամբ, 7 կմ առաջ են գնացել և գրավել Բրաժկովկա գյուղը։ Ռուսական կողմը զանգվածային հրետանային և ավիացիոն հարվածներ է հասցրել Մարիուպոլ քաղաքին»,- ասել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պաշտոնական ներկայացուցիչը։
ԵՄ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
Եվրամիությունն ապրիլի 5-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, սակայն դեռ քննարկում ենք, թե ինչ անել էներգետիկ ոլորտի հետ»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Ավելի վաղ Բորելը նշել էր, որ Եվրամիությունը կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և անհապաղ կաշխատի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել նաև, որ ռուսական ռուբլին լավ է դիմադրում պատժամիջոցներին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս շաբաթ կայցելեն Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Լուրը հաստատել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը Թվիթերի իր միկրոբլոգում:
ՌԴ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Շվեդիան արտաքսում է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարարը: Անն Լինդեն նշել է, որ դիվանագետները չեն աշխատել Վիեննայի կոնվենցիային համապատասխան:
Իսպանիայի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ կարտաքսի Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 25 դիվանագետի։ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարեսը հայտարարել է, որ դեսպանատան անձնակազմը սպառնալիք է ներկայացնում Իսպանիայի անվտանգությանը:
Կրեմլը ափսոսանք է հայտնել ռուս դիվանագետներին Եվրոպայից վտարելու համար՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ նշելով, որ նման ճգնաժամային իրավիճակում դիվանագիտական հաղորդակցման հնարավորությունների սահմանափակումն անհեռատես քայլ է: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այս որոշումներն ավելի կբարդացնեն շփումները, որոնք հիմա անհրաժեշտ են խնդիրը լուծելու համար: «Դա անխուսափելիորեն կհանգեցնի պատասխան քայլերի»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ երկրներից ռուս դիվանագետների արտաքսումը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՄԻՋՄԱՆ ՊԱՏՃԱՌՆ ԱՄՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ
Իրանը չի զիջի ԱՄՆ-ի առաջ քաշած պահանջների հարցում: Եթե Վաշինգտոնն իրատեսություն դրսևորի, համաձայնություն ձեռք կբերվի՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը: Աբդոլլահիանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Վիեննայի բանակցություններում ընդմիջման պատճառն ԱՄՆ-ի պահանջներն են: Ըստ արտգործնախարարի՝ Թեհրանը գործում է տրամաբանված՝ ժողովրդի շահերը և երկրի կարմիր գծերը պաշտպանելու ուղղությամբ: Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ոչ միայն չեղյալ չի հայտարարել հակաիրանական պատժամիջոցները, այլև մարտի 30-ին նոր պատժամիջոցներ է սահմանել մի խումբ իրանցիների և իրանական կազմակերպությունների նկատմամբ: