Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս ու Շվեյցարիա. ցանկն ամբողջական չէ: «իԳործ» ծրագրի շրջանակում աշխարհի տասնյակ երկրներից հայրենիք եկած մասնակիցների մի մասն արդեն ներգրավված է Հայաստանի պետական կառավարման մարմիններում, նրանցից երկուսին նույնիսկ բարձր պաշտոն է վստահվել: Ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրում է՝ առաջադրված նպատակների իրագործման տեսանկյունից ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակենք, որովհետև նաև ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ցանկանում ենք նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն, որը գուցե թե սովորական, ամենօրյա հայացքը չի նկատում:
Հայաստանն աննախադեպ մարտահրավերների առաջ է, և այդ ոչ սովորական մարտահրավերների լուծումը ոչ սովորական մոտեցումներ է պահանջում՝ ասում է վարչապետը, հույս հայտնում, որ ծրագրի մասնակիցներն իրենց հետ կբերեն այդ ոչ սովորական մոտեցումները:
Նիկոլ Փաշինյան - Այսօրվա գլոբալ աշխարհում երբեմն էական էլ չէ՝ աշխարհի որ կետում ես գտնվում: Հեռավորությունը ժամանակակից աշխարհում ավելի շատ հոգեբանություն է, քան տարածություն: Եվ, հետևաբար, ես ամենևին չեմ ուզում թերագնահատել տարածությունը, բայց չեմ ուզում նաև հոգեբանությունը թերագնահատել: Մենք պիտի հաղթահարենք հոգեբանությունը տարածության միջոցով և տարածությունը՝ հոգեբանության միջոցով: Կարծում եմ՝ այս ծրագիրն այս բանաձևի իրագործման կարևորագույն հարթակներից է:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը ծրագիրը հաջողված է համարում: Ներկայում 14 երկրից 47 մասնագետ է աշխատում 25 տարբեր գերատեսչություններում: