Հանրայինի խոսափողի հետ միանգամից լավ հարաբերություններ հաստատած փոքրիկը 1.5 տարեկան Տիգրանն է: Լույս աշխարհ եկավ ծնողներին 7 տարի սպասեցնելուց հետո:
Զավեն Մելիքյան (ծրագրի շահառու) - Նախևառաջ մեծագույն շնորհակալություն եմ հայտնում «Հայ» ասոցիացիայի կատարած տիտանական աշխատանքի համար, նրանք արժանի են մեծագույն գովեստի խոսքերի:
Կամիլային էլ 12 տարի են սպասել: «Հայ մանուկ» ծրագրով 40 փոքրիկ է լույս աշխարհ եկել՝ իրականացնելով ծնողների երազանքը:
Աննա Միրզոյան (ծրագրի շահառու) - 12 տարի բալիկ չենք ունեցել, պայքարել ենք, բոլոր բժիշկներին դիմել ենք, հետո ծրագրում գրանցվեցի, և ծնվեց հրաշքս:
Գործունեության 3 տարում «Հայ մանուկ» ծրագիրը սպասարկել է 380 զույգի:
Տիգրան Հակոբյան («Հայ» ասոցիացիայի հիմնադիր նախագահ) - Առաջին տարում, պատկերացրեք՝ միայն 3 երեխա է ծնվել, երկրորդ տարում՝ 20-25, երրորդ տարում, արդեն տեսնում եք՝ ինչ է կատարվում:
Ծրագրի երրորդ վիճակահանությանը մասնակցում է անպտղությամբ տառապող 152 զույգ:
Տիգրան Հակոբյան - Վստահ եմ, որ սփյուռքում և հայրենիքում բնակվող մեր հայրենակիցների հանգանակությունների արդյունքում այսօր կկարողանանք ֆինանսավորել 152 հոգու:
Արկղից դուրս են գալիս այն զույգի անունները, որոնք արհեստական բեղմնավորման հնարավորություն կստանան: Երջանկության արցունքները երկար տարիների սպասումի մասին են:
Հայաստանում ամեն 7-րդ ընտանիք տառապում է անպտղությամբ: Եվ ամեն մեկս 1 դոլարի, 500 դրամի հանգանակությամբ կարող ենք փոխել այս վիճակագրությունը:
Լուսիկ Մանուկյան (ծրագրի շահառու) - Արդեն 16 տարի չունեմ երեխա, տառապում ենք անպտղությամբ, լսելով «Հայ» ասոցիացիայի մասին, դիմեցինք և շահեցինք, ու շատ-շատ շնորհակալ եմ:
«Նորածնի ճիչը կորստի մարտահրավերն է» կարգախոսով ասոցիացիային հանգանակություն են անում հազարավոր մարդիկ:
Տիգրան Ավինյան - Իրապես հավատում եմ այս գործին և ուզում եմ մարդկանց քաջալերել, որպեսզի որևէ դեպքում չկորցնեն հույսը, և բոլոր հնարավոր միջոցները և՛ պետությունը, և՛ մասնավորը ստեղծում են, որ արհեստական բեղմնավորմամբ ծննդաբերությունը տեղի ունենա, և, կարծում եմ, որ սա մեր երկրի առաջնային, ամենակարևոր խնդիրներից մեկն է:
Պետությունը դեռևս 2019-ին է ստեղծել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որը զբաղվում է դեմոգրաֆիկ խնդիրներով: Պետական աջակցության ծավալներն աճել են այս ոլորտում: Բայց մասնավորի դերն էլ է նույնքան կարևոր:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - Ֆանտաստիկ նախաձեռնություն է էն իմաստով, որ հավաքել է բոլոր դերակատարների, բարերարների՝ ծրագրի իրականացման համար, որը, մեծ հաշվով, բացի այն, որ կյանքեր է ստեղծում, նաև նոր շունչ է տալիս ընտանիքներին, ովքեր խնդիր ունեն:
Հանրային հեռուստաընկերությունն էլ իր փոքրիկ լուման ունի նոր կյանք տալու կարևոր գործում: Այսպես՝ Հանրայինը ստացած եկամուտների մի մասը վերադարձնում է հանրությանը:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Դարձանք «Հայ» ասոցիացիայի ինֆորմացիոն գործընկերը, ինչի համար շատ ուրախ ենք և հպարտ, և կշարունակենք աջակցել, և, կարծում եմ՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են:
Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում գովազդներից գոյացած հասույթը Հանրայինն ուղղել է «Հայ մանուկ» ծրագրին՝ օգնելով 6 զույգի զգալ ծնող դառնալու բերկրանքը: