ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-28-ը տեղի ունեցած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին ներկայացուցչական տաղավարով, ավարտվել է։
Փառատոնի կազմակերպիչն էր Շարժայի ժառանգության ինստիտուտը՝ հովանավորությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմի:
«Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին, որին առանձին տաղավարներով այս տարի մասնակցել է ավելի քան 30 երկիր:
Մշակութային օրերի շրջանակում Հայաստանի տաղավարի 12 սրահներում ցուցադրվել են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները՝ սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը. ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ (գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն, հայկական տարազ և ուտեստ):
Տարբեր ձևաչափերով (ֆիլմերի ցուցադրություններ, բուկլետներ) ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները՝ դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, Քոչարին և Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը։
Տաղավարին առանձնահատուկ գունագեղություն են հաղորդել և արդի շրջանի հայկական մշակութային ժառանգության կենսունակությունն ընդգծել ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի և «Կայթ» նվագախմբի պարերգային ու երաժշտական կատարումները, հայկական խոհանոցի ճանաչված մասնագետներ Սեդրակ Մամուլյանի և Արբի Ղարախանիի պատրաստած ուտեստները, ինչպես նաև խաչքարագործության, փայտագործության, գորգագործության և տիկնիկ պատրաստելու շարունակական վարպետության դասերը: Առանձին հարթակներում ներկայացվել են Հայաստանի մշակութային զբոսաշրջությունն ու բնության ժառանգությունը:
Հայաստանն այս միջոցառմանը մասնակցում էր առաջին անգամ. փառատոնի հիմնական ձեռքբերումներն էին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի բազմաբնույթ մշակութային ժառանգության ներկայացվածությունը և Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, այդ միջազգային հարթակում նոր մշակութային կապերի հաստատումը և միջմշակութային համագործակցության նոր պայմանավորվածությունները:
Դրա վկայությունն էր տեղացիների, զբոսաշրջիկների, այլ երկրների մասնակիցների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ հայկական տաղավար այցելություններն ու բարձր գնահատականը:
Միջոցառման կազմակերպչական աջակիցներն էին ՀՀ արտաքին գործերի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Նախարարության հաղորդագրությունը հիշեցնում է, որ 2013 թվականին Հաղարծինի վանական համալիրը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ: