Մայրաքաղաքում ապրիլի 1-ից ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված արտաքին գովազդային վահանակները: Գործընթացը մեկնարկել է Նոր Նորքից, կշարունակվի բոլոր վարչական շրջաններում: 5 օրվա ընթացքում ապամոնտաժվել է 17 ապօրինի գովազդային վահանակ, իսկ թե քանիսն է նախատեսված՝ պարզ կլինի վերջնական գույքագրումից հետո՝ ասում է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալը:
Հովհաննես Պետրոսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալ) - 2021 թ. հաշվառված թվաքանակով 350 ապօրինի գովազդային վահանակ է ապամոնտաժվել, հաշվարկված չէ վարչական շրջանների կողմից իրականացված աշխատանքները:
Արաբկիր վարչական շրջանում՝ Հովսեփ Էմինի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում գտնվող կամրջի կողային հատվածներում, մեր տեսախցիկը ֆիքսեց առանց թույլտվության տեղադրված արտաքին գովազդի ապամոնտաժումը: Հովհաննես Պետրոսյանի խոսքով՝ քաղաքապետարանից բազմիցս հորդորել են տվյալ կազմակերպության տնօրինությանը իրենց միջոցներով ապամոնտաժել վահանակը, ապարդյուն:
Հովհաննես Պետրոսյան - Սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ մի քայլ չի ձեռնարկվել ընկերության կողմից: Հայտնաբերված բոլոր ապօրինի տեղադրված գովազդների տնօրինություններին նախապես մենք զգուշացնում ենք, որ ենթակա է ապամոնտաժման, և եթե դուք չանեք, մեր կողմից է իրականացվելու:
Քաղաքապետարնից հորդորում են տնտեսվարողներին բացառապես օրենքի շրջանակում գովազդ տեղադրել, հակառակ դեպքում, առանց համապատասխան փաստաթղթերի տեղադրված վահանակները նույն ճակատագրին են արժանանալու:
Հովհաննես Պետրոսյան - Գովազդային կազմակերպություններին տրվել է հնարավորություն անձամբ ուրվանկարները ներկայացնելու քաղաքապետարան, համաձայնեցում ստանալուց հետո նրանք պետք է դիմեն վարչական շրջան, ըստ մակերեսի վճարեն տեղական տուրքը, ստանան տեղադրման թույլտվություն ու հետո իրականացնեն տեղադրման աշխատանքները: Տվյալ գործառույթից թեկուզ մեկի բացակայության դեպքում պաստառը դիտարկվում է որպես ինքնակամ ապօրինի տեղադրված գովազդ:
Ըստ պատասխանատուի՝ այստեղ նաև իրավապահ մարմինները անելիք ունեն, և եթե ոստիկանները նկատում են նման աշխատանքներ, կարող են պահանջել համապատասխան թույլտվությունը հավաստող փաստաթուղթը, չլինելու դեպքում էլ՝ տեղում օրենքից բխող գործողությունների դիմել: