Սլովենիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի շրջանակում արդեն 9 տուրի պարտիաներ են կայացել:
Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն 9-րդ տուրում սև խաղաքարերով մրցել է Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Սարիչի հետ և ոչ-ոքի խաղացել։
Գաբրիել Սարգսյանն իր միավորների թիվը հասցրել է 7-ի և մրցաշարային աղյուսակում կիսում է 2-4-րդ տեղերը։ Հատկանշական է՝ մրցաշարի միանձնյա առաջատար, Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումին Սարգսյանը զիջում է ընդամենը 0,5 միավորով:
Այսօր՝ Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում, Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլա Գադիմբայլին: Վերջինիս ակտիվում ևս 7 միավոր կա:
Հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ունեն 6,5-ական միավոր և կիսում են 5-19-րդ հորիզոնականները: Մանուել Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 6-ական միավոր:
10-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կմրցի ֆրանսիացի Մուսա Ժյուլի, Սամվել Տեր-Սահակյանը՝ ադրբեջանցի Միսրաթդին Իսկանդարովի, Մանուել Պետրոսյանը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Ջանի, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ սերբ Ալեքսանդր Ինջիչի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի անհատական առաջնությանը ևս 4 շախմատիստ է մասնակցում:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։