Հայկական արտադրության հիդրոպոնիկ սարքերը պատրաստում են 44-օրյա պատերազմի մասնակիցները: «Էնջինդ Էյ Էյ» ընկերության նպատակն է լուծել արոտավայրերի սակավության և անասնակերի հայթայթման հետ կապված խնդիրները:
Մհեր Մեհրաբյան («Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր) - Մեր խնդիրը նրանում էր կայանում, որ Հայաստանում ստեղծել հիդրոպոնիկ սարքեր, որոնք մրցունակ կլինեն թե՛ ինքնարժեքով, թե՛ արժեքով:
Սարքերը մոբիլ են և մեծ տարածք չեն զբաղեցնում: Աճեցման գործընթացը պարզ է, ոչ աշխատատար: 2 ժամում հնարավոր է մեկ կոմպլեկտից ավելի քանի 500 կգ անասնակեր ստանալ:
Մհեր Մեհրաբյան - Արտադրողականությունը արական 90-100 կգ՝ նայած ինչ սերմ ենք օգտագործում, և էներգախնայող է, համեմատ թուրքական սարքի հետ, որը 15 կիլովատ էներգիա ա ծախսում և եռաֆազ հոսանքի կարիք ունի, մեր մոտ 2.5-3 կիլովատ և միաֆազ:
Հիդրոպոնիկ եղանակով անասնակերի արտադրությունը խնայում է նաև ոռոգման ջուրը: 1 կգ հիդրոպոնիկ կերի համար օգտագործվում է 1.5 լ ջուր, իսկ սովորական պայմաններում 1 կգ խոտ աճեցնելու համար ծախսվում է 80-90 լ: Մեկ ամբողջական կոմպլեկտը բաղկացած է 5 արտադրական պահարանից և 1 կառավարման վահանակից, յուրաքանչյուր պահարանում հնարավոր է աճեցնել տարբեր մշակաբույսեր:
Սաթիկ Նաիրյան («Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր) - Գյուղացին եթե ուզում է առաջին պահարանում գարի որպես անասնակեր արտադրի, ուրեմն համակարգչով հնարավոր կլինի ըստ դրա ծրագրավորել, երկրորդ պահարանով հնարավոր է համեմի համար ծրագրավորում դնել:
Ընկերությունների համար, որոնք ունեն մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր, բայց ցանկանում են արդիականացնել արտադրական հնարավորություններն ու նոր տեխնոլոգիաներ ներմուծել, կառավարությունն իրականացնում է տնտեսության արդիականացման նոր ծրագիր:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ծրագրի արդյունքում մենք հույս ունենք, որ երկու տարվա ընթացքում գրեթե 200-300 մլն դոլարին համարժեք ներդրում կկատարվի Հայաստանում մշակովի արդյունաբերության ոլորտում, խոսքը հիմնականում կապիտալ ներդրումների մասին է:
Գլոբալ նպատակը նորագույն տեխնոլոգիաների ներկրման միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացումն է՝ ասում է էկոնոմիկայի փոխնախարարը:
Ռաֆայել Գևորգյան - Տնտեսվարողները հնարավորություն կստանան 20 մլն դոլարի չափով սարքավորումներ գնել արտերկրից և ներքին շուկայից նույնպես, միակ չափանիշը՝ որ սարքավորումները լինեն նոր:
Լիզինգի դեպքում պետությունը կփոխհատուցի տոկոսադրույքի հիմնական մասը: Կառավարության հնգամյա երկրորդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի բիզնես գործընթացների օպտիմալացման ու թվայնացման նպատակով: Երրորդ ծրագրով բարձրորակ աշխատուժի ներգրավման հնարավորություն կստեղծվի:
Ռաֆայել Գևորգյան - Լավագույն համալսարաններում կամ ընկերություններում փորձ ստացած մարդիկ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով մտնել հայկական շուկա:
Ծրագիրը հնարավորություն է տվել արտոնյալ պայմաններով ֆինանսական միջոցներ ներգրավել նաև այս ընկերությանը: Հիդրոպոնիկ սարքերի արտադրությունը ընկերության պիլոտային ծրագրերից մեկն է: Ընկերությունը հիմնադրել են 44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի ծնողները՝ 2021 թվականի հոկտեմբերին: Նպատակն է իրականություն դարձնել Արենի երազանքը, այն է՝ Հայաստանում հիմնել աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի մեքենաշինական արտադրություն:
Սաթիկ Նաիրյան - Արենը սովորում էր ԱՄՆ-ում, աստղաֆիզիկոսի մասնագիտությամբ, կրթությունը կիսատ թողնելով՝ եկավ Հայաստան, որպեսզի բանակում ծառայի, իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ և նորից վերադառնա իր կրթությանը: Իր երազանքն էր Հայաստանում հիմնել աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի գիտահետազոտական և արտադրական միավորում:
Արենի երազանքը ծնողներն իրականություն են դարձնում ծառայակից ընկերների օգնությամբ: Բարեգործական հիմնադրամը ինժեներական կրթություն է տրամադրում պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքների անդամներին: Սովորում են եռաչափ մոդելավորում, գծագրական երկրաչափություն, Web ծրագրավորում, անգլերեն։
Սաթիկ Նաիրյան - Սովորելուց հետո հնարավորություն են ունենում այստեղ աշխատել:
44-օրյա պատերազմի մասնակից Դավիթը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի առաջին շրջանավարտներից է, նախկին զինվորական է, կոչումով մայոր և «Մարտական խաչ» շքանշանակիր: Ասում է՝ եթե կարիք լինի, նորից պատրաստ է զենքը ձեռքը վերցնելու:
Դավիթ Գրիգորյան (ընկերության աշխատակից) - Զորացրվել եմ, վերջին պատերազմից հետո խնդիրներից ելնելով՝ սովորել եմ ստեղ՝ հիմնադրամում, համատեղ աշխատել եմ:
Հիմնադրամը նպատակ ունի ստեղծել մասնագետների մի ամբողջ բանակ և համապատասխան միջավայր, ու Արենի երազանքը քայլ առ քայլ իրականություն կդառնա:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան