Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունից 7 տարի անց այսօր հրապարակվեց գործով դատավճիռը: 19-ամյա Հայկազ Բարսեղյանը սպանվել էր 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը։ Նրա մարմինն առավոտյան հայտնաբերվել էր ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Ըստ գործի նյութերի` ամբաստանյալները կուրսանտին սպանել էին անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել էին ինստիտուտի ֆիզհրապարակի պտտաձողից։
Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը և ռազմական ինստիտուտի այդ ժամանակվա փոխտնօրենի որդին՝ Գնել Թևոսյանը: Դատավճռով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանությունը վերաորակվեց մի խումբ անձանց կողմից սպանության հատկանիշներով:
Դավիթ Հարությունյան (դատավոր) - Գնել Զարմիկի Թևոսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում 15 տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2015 թվականի հունվարի 29-ից: Գնել Զարմիկի Թևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը թողել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Մյուս մեղադրյալներ՝ Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը և Վաչե Սահակյանը նույնպես մեղավոր ճանաչվեցին սպանության համար և դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: Վաչե Սահակյանին առաջադրված էր մեկ այլ մեղադրանք ևս՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը: Այս հոդվածով նա արդարացվեց: Դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել: Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար՝ 18-ական տարի ազատազրկում: Իսկ ամբաստանյալները դատարանից խնդրել էին արդարացնել իրենց:
Դատարանը մասնակի բավարարեց նաև տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանի քաղհայցը:
Դավիթ Հարությունյան - Ամբաստանյալներ Թևոսյանից, Սահակյանից, Սահակյանից, Ազարյանից համապարտության կարգով հօգուտ տուժողի իրավահաջորդ Բարսեղյանի բռնագանձել 1 միլիոն 500 հազար դրամ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս:
Դատավճռով՝ ամբաստանյալներից որպես դատական ծախս, պետական բյուջե կբռնագանձվի 1 միլիոն 191846 դրամ։ Դատավորը նաև լրացուցիչ որոշում է կայացրել, որով համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել մինչդատական վարույթում տեղի ունեցած էական խախտումների վրա: Որոշումը դատավճռի հետ կուղարկվի խախտումը թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին:
Դատավճռի հրապարակմանը ներկա չէին դատախազն ու պաշտպաններից երեքը: Ներկա միակ պաշտպան Հովիկ Արսենյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ պաշտպանյալ Նորիկ Սահակյանը որևէ մասնակցություն չի ունեցել դեպքին:
Հովիկ Արսենյան (ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան) - Բազմաթիվ փորձաքննություններ նշանակվեցին, և գեթ մեկ եզրակացությամբ գոնե անուղղակի ապացույց ձեռք չբերվեց այդ երիտասարդների վերաբերյալ, և մեղադրանքի հիմքում դրվել է տուժողի խցակիցների ցուցմունքները, որոնք իրարամերժ էին: Ընթացքում էլ դատարանին դիմումներ գրեցին լրացուցիչ հարցաքննության, որ իրենք չեն նկատել, ճնշումներ են եղել իրենց նկատմամբ, այնուամենայնիվ, այդ ցուցմունքների հիման վրա են այս երիտասարդները դատապարտվում:
Սպանված կուրսանտի հոր՝ Արկադի Բարսեղյանի համար անսպասելի էր այսպիսի դատավճիռը. նա պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել մեղադրյալներին:
Արկադի Բարսեղյան - Անձամբ մարդասպանին, ով որ անձամբ սպանել էր իմ որդուն, վկաների ցուցմունքով դա Գնել Թևոսյանն է եղել, գոնե իրեն պետք է 20-25 տարի կամ ցմահ։ Ես չեմ հասկանում՝ ո՛նց կլինի՝ սպանողին էլ 15 տարի տաս, ոտքը բռնողին էլ 15 տարի տաս։ Ես ընդհանրապես մտածում էի, ու էդ դեպքից հետո բոլորը մեզ ասում էին, որ խիստ պատիժ է բոլորի համար սահմանված, որ արդար դատավարություն է լինելու: Արդար դատավարությունն էլ տեսնում ենք, թե ոնց եղավ։
Դատավճռի դեմ և՛ տուժող, և՛ պաշտպանական կողմը պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան