ԱՊՀ տարածքում հափշտակված և այլ անդամ պետություն տեղափոխված տրանսպորտային միջոցները հնարավոր կլինի ավելի հեշտ հայտնաբերել: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել անդամ երկրների միջև միասնական տեղեկատվական համակարգ: Կառավարության՝ խորհրդարան ներկայացված արձանագրության վավերացմամբ՝ տրանսպորտային միջոցը կարող է հայտնաբերվել, անգամ եթե սահմանը հատել է հետախուզում հայտարարելուց առաջ:
Ռուսլան Մարանդյան (ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ) - Արձանագրությանը միանալը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, կանխարգելման, և, իհարկե, բացահայտման միջոցով:
Արձանագրությունը վավերացրած պետությունը ինֆորմացիան փոխանակելուց կարող է հրաժարվել միայն այն դեպքում, եթե այն վնասում է իր ինքնիշխանությանը կամ ազգային անվտանգությանը: Տեղեկություն տրամադրելու մյուս բոլոր դեպքերը շարադրված են վավերացման նախագծում:
Ռուսլան Մարանդյան - Հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասին, պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին, այն տրանսպորտային միջոցների մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները, պետական սահմանը հատելիս, օրենսդրության համապատասխան, ենթակա են մուտքագրման մաքսային մարմինների տեղեկատվական բազաներ: Այն տրանսպորտային միջոցների մասին, որոնք վնասվել են այնպիսի ՃՏՊ-ի, հրդեհի, տարրերային աղետի և այլ հանգամանքների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով, որպիսիք հանգեցրել են դրանցկոնստրուկտիվ գործանմանը:
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ
Հարցին դրական եզրակացություն տալուց հետո, հանձնաժողովն անցավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով՝ առաջարկվում է զինծառայությունից ազատել հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծառայողների եղբայրներին ու որդիներին: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորն օրինագծում միայն մեկ փոփոխություն է կատարել:
Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:
Քննարկվող հարցի համատեքստում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտպանության փոխնախարարից հետաքրքվեց՝ ե՞րբ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացվի Զինված ուժերի բարեփոխումների փաթեթը: Արման Սարգսյանը հիշեցրեց՝ օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում արդեն եղել է:
Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - Ընդ որում՝ ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են: Եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, բնականաբար, դա արդեն քաղաքական գնահատականի հարց է:
Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը ևս դրական եզրակացություն ստացավ: Այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան