Քայլելու ունակության վերականգնում իմիտացիայի եղանակով: «Քայլտեք» ընկերության թիմի ստեղծած «Քայլաբեր» անունը կրող սարքը կփորձի վերականգնել քայլելու նյարդային կենտրոններն ու նեյրոնային կապերը: Դա հնարավոր է դառնում վիրտուալ աշխարհում դահուկ վարելով կամ զբոսաշրջային քայլարշավով:
Էդգար Մարգարյան («Քայլտեք» ընկերության ծրագրավորման բաժնի ղեկավար) - Այս երկու դատչիկները ոտքի շարժից անկյուն են վերցնում ու մեջքի շարժից այդ ամեն ինչը տեղափոխում են մադրբորդ, հաշվարկ ա արվում, ու այդ ամեն ինչը դառնում ա աստիճան ու արագություն:
Նման սարք ունենալու գաղափարը ծագել է դեռևս 2016-ի քառօրյա պատերազմից հետո: Կինեզիոլոգ Դավիթ Արսենյանը աշխատանքային փորձից է համոզվել՝ ուղեղի պլաստիկության շնորհիվ հնարավոր է վերականգնել և՛ խոսելու, և՛ քայլելու ունակությունը: Կոմայից դուրս եկած ու խոսելու ունակությունը կորցրած զինվորը մի անգամ բնազդաբար շարունակել է երգել այն երգը, որը երգել է բժիշկ Դավիթը:
Դավիթ Արսենյան («Քայլտեք» ընկերության համահիմնադիր, կինեզիոլոգ) - «Գետաշենն» էի երգում քթիս տակ, մտա իրա սենյակ, ասեցի՝ «Ունես հազար շեն» ու լռեցի: Մեկ էլ Հովհաննեսը սկսեց մանկական ձայնով շարունակել երգել այդ երգը՝ «Արծիվների բույնն ես, չքնա՛ղ Գետաշեն»: Զարմացանք՝ Հովհաննե՞սն էր, թե՞ Հովհաննեսը չէր: Ի՞նչ էր կատարվել. «Գետաշենը» Հովոյենց վաշտի երգն ա եղել, օրը 10 անգամ երգել են այդ երգը: Երբ ես պատահաբար մտա իրա մոտ, ազդակը առաջացավ:
Այդ պահին գործել է զինվորի նյարդամկանային հիշողությունը: Հիմա զինվորը խոսում է՝ ասում է Դավիթը: Նմանատիպ սարքերով ազդակներ տալով փորձում են նաև նորից քայլել սովորեցնել:
Դավիթ Արսենյան - «Քայլաբերի» վրա մենք ավելացրեցինք վիառ համակարգը, ինչը իրենից ներկայացնում է իդիոմոտոր վարժություններ, մտովի կատարվող վարժություններ, որոնք հոգեբուժության մեջ, սպորտային բժշկության մեջ լայն տարածում ունեն:
Մտովի կատարվող վարժությունները ընդլայնում են նյարդային նոր կենտրոնների ֆունկցիաները՝ ասում է Դավիթ Արսենյանը: «Քայլաբեր» սարքի աշխատանքի արդյունքում ևս մեկ զինվոր արդեն կարողանում է ինքնուրույն օգտվել սարքից: Բացի այդ, «Քայլաբեր» սարքի միջոցով հնարավոր է կանխել անշարժությունից առաջացող 30 հիվանդություններ: Սարքը կարող են կիրառել ինսուլտի, մանկական ուղեղային կաթվածի, Փարքինսոնի և այն հիվանդությունների դեպքում, որոնք մարդուն անշարժ են դարձնում: Տասը սարք արդեն տրամադրել են զինծառայողներին, ևս 35-ը առաջիկայում կհատկացնեն մանկական կենտրոններին և հաշմանդամություն ձեռք բերած այլ զինվորների: