ԿԳՈՐԾԻ ՅՈԹ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են խաղաղ բնակիչներին տարհանելու նպատակով յոթ մարդասիրական միջանցք գործարկելու մասին:
Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ միջանցքներ կգործեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Լուգանսկի քաղաքներից և Նիժնեե գյուղից։ Նախօրեին պաշտոնյան հայտնել էր, որ մարդասիրական միջանցքներով տարհանվել է 6200-ից ավելի մարդ։
Մարիուպոլից գնացքով Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաք է ժամանել ավելի քան 400 բնակիչ, որոնց գրեթե կեսը՝ երեխաներ։ Ռուսական կողմի տվյալով՝ նախօրեին Ուկրաինայի վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 16000 մարդ։
ԵՄ-Ն ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ, սակայն դրանք չեն տարածվի էներգետիկ ոլորտի վրա՝ հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Մենք, նախևառաջ՝ ցանկանում ենք սահմանափակել արդեն կիրառված պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը»,- պարզաբանել է նա։
Ջենտիլոնիի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գինը ԵՄ երկրները պետք է վճարեն միասին։ Նա կարծիք է հայտնել, որ եվրոպական տնտեսության աճը կդանդաղի, բայց ռեցեսիա տեղի չի ունենա։ «Հուսով եմ՝ 2022 թվականին կկարողանանք պահպանել տնտեսական կայուն աճը»,- հավելել է Եվրահանձնակատարը։
Սա Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների 5-րդ փաթեթն է։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈԽԿԱՆՑԼԵՐԸ ԴԵՄ Է ԿԻԵՎԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԸ
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերի նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը:
«Մենք փորձում ենք այնպիսի անխոհեմ քայլեր չանել, որոնք կարող են Գերմանիան Ռուսաստանի համար թիրախ դարձնել»,- հայտարարել է պաշտոնյան։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար է հասկանալ հարցի նման ձևակերպումը։
Փոխկանցլերը հայտնել է, որ մտադիր են հաջորդ շաբաթ ներկայացնելու օրինագծերի փաթեթ, որը կոչված է նվազեցնելու Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի լայն օգտագործման հաշվին:
«ՇԱՆՏԱԺ». ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՌԴ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու՝ Մոսկվայի պահանջը որակել է շանտաժ՝ հայտարարելով՝ Վարշավան դրան կուլ չի գնա:
Նա կոչ է արել Գերմանիայի և Ավստրիայի կանցլերներին և մյուս ղեկավարներին՝ չենթարկվելու այդ որոշմանը։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել, ինչի մասին վկայում է ռուբլու դիրքերի ամրապնդումը։
Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել ռուսական բնական գազի համար վճարումները ռուբլով հաշվարկելու կարգի մասին: «Արևմուտքի երկրները պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն գազի դիմաց վճարումներ կատարելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։
ՊԵԿԻՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՉԺՀ ԱԳՆ
Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի առևտրային հարաբերությունների վրա, նույնիսկ Եվրոպան է գործակցում Ռուսաստանի հետ, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լուտունը։
«Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ»,- շեշտել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանը միտումնավոր ոչինչ չի անում՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների սահմանված պատժամիջոցները: Վան Լուտունի խոսքով՝ Պեկինը դեմ է բոլոր պատժամիջոցներին:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա այցելելու հնարավորությունը։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգան, որը Մալթա մեկնող ինքնաթիռում քահանայապետին հարցրել է՝ արդյոք վերջինս կմեկնի՞ Կիև:
«Այո՛, այդ առաջարկը սեղանին է»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:
Նախորդ ամիս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և մի շարք ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչներ նամակներ էին ուղղել Ֆրանցիսկոս Պապին և հրավիրել Ուկրաինա: