1-03-ի կառավարման կետում զանգերը չեն դադարում: Կարգավարները տեղեկանում են պացիենտի առողջական վիճակին, ճշտում հասցեն ու գրանցում կանչը:
Ապրիլից նրանց պարտականությունը կավելանա ևս մեկով: «Շտապօգնությունում» կներդրվի հետադարձ զանգի համակարգ:
Թագուհի Ստեփանյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն) - Եթե բոլոր կարգավարները, որոնք աշխատում են այս զանգերի կենտրոնում, զբաղված են զանգ ընդունելով և չեն կարողանում պատասխանել մեր քաղաքացիների որևէ կանչի, այդ ժամանակ կտեսնեն, թե ովքեր են զանգում, և անպայման կապահովեն հետադարձ կապը:
«Շտապօգնությունում» նշում են՝ որոշ զանգեր բաց են թողնվում հատկապես երեկոյան ժամերին: Կառավարման կետն օրական ընդունում է մոտ 1000 կանչ: Այս թիվը, սակայն, նախորդ ամսվա համեմատ զգալիորեն նվազել է:
Թագուհի Ստեփանյան - Ե՛վ քովիդի թվերն են իջել, և՛ սուր շնչառական հիվանդությունների թիվն է իջել: Եթե երկու ամիս առաջ շաբաթական մենք ապահովում էինք 10000 կանչ, այսօր արդեն՝ 4400, այսպես է շաբաթական կտրվածքով:
Սա «Շտապօգնության» ծառայությունում բարեփոխումների միայն մի փուլն է: Առողջապահության նախարարությունում ստեղծվել է կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպման աշխատանքային խումբ: Ներգրավված են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի փորձագետները:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է լինելու՝ իրականացնել խորքային վերլուծություններ, կատարել «Շտապօգնության» գործունեության քարտեզագրում ամբողջ հանրապետության մակարդակով, գնահատել կարիքները:
Կառավարման բարեփոխումներին զուգահեռ՝ կհամալրվեն նաև ծառայության ռեսուրսները:
Արմեն Նազարյան - Մշտապես տեսնում եք նոր թարմացվող «Շտապօգնության» պարկը: Նախատեսվում է ևս նոր մեքենաների ներգրավում «Շտապօգնության» աշխատանքներում:
Աշխատանքային խումբը ծառայության կարիքները կուսումնասիրի մինչև նոյեմբեր, հետո դրանք կշարադրի «Շտապօգնության բարեփոխումների 2022-2025 թվականների ծրագրում»: Ծառայությունը տեխնիկապես ավելի հագեցած և օպերատիվ նախատեսվում է դարձնել մինչև 2025 թվականը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան