Մարզահամերգային համալիրն անցնում է նոր անվտանգային համակարգի, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ըստ համալիրի ու «Սցիլլա» ընկերության ստորագրած գործակցության հուշագրի՝ ընկերության տեսախցիկները շուտով մարզահամերգային համալիրի յուրաքանչյուր անկյունից կարձանագրեն ելումուտ անող քաղաքացիների շարժը, կհայտնաբերեն ցանկացած զենք, զինամթերք, կասկածելի վարքով մարդուն անմիջապես կֆիքսեն՝ կանխելով հնարավոր վտանգը: Նույնիսկ մարդու ջերմաստիճանը ստուգելու հնարավորություն կա:
Դավիթ Թումասյան (Scylla ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն) - Մեր նպատակն է Հայաստանում անցկացվող ցանկացած միջոցառում դարձնել ավելի անվտանգ ու դարձնել միջազգային ստանդարտներին համապատասխան:
Կարեն Ղազարյան (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն) - Այս համակարգը լրիվ այլ է, նմանատիպ կառույցների համար, որտեղ շատ մարդիկ են այցելում, օդանավակայան կլինի թե համալիր, ցանկալի է ունենալ նման համակարգ:
«Սցիլլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենի խոսքով՝ համակարգը օգնում է մարդկային ռեսուրսը, ժամանակը ավելի արդյունավետ օգտագործելուն: Այսուհետև, միջոցառումների ժամանակ, մարզահամերգային համալիրի անվտանգությունը ոչ թե 24/7 ռեժիմով վիդեոմոնիթորինգ կանի, ինչպես տարիներ շարունակ է եղել, այլ ռեսուրսը կօգտագործվի արդեն հայտնաբերված խնդիրների լուծման համար:
Դավիթ Թումասյան - Ծրագիրը ենթադրում է, որ կծածկի համալիրի օգտագործվող տարածքները, քանի որ այն շատ մեծ է, հետագայում ավելի նոր տեխնոլոգիաներով է ապահովվելու:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանի խոսքով՝ «Սցիլլայի» ու համալիրի գործակցությունը նախարարության երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունք է:
Դավիթ Սահակյան (ՀՀ ԲՏԱ նախարարի պարտականությունները կատարող) - Համալիրում տեղի ունեցող միջոցառումների անվտանգությունը կիրականացվի միջազգային ստանդարտներին համապատասխան, առավել ևս՝ այն միջոցառումները, որոնք միջազգային են լինելու, հատկապես «Եվրատեսիլը»:
Կարեն Ղազարյան - Սա շատ կարևոր բան է նման կառույցների համար, բայց, անշուշտ, այն, որ այս տարվա վերջին մենք սպասում ենք «Եվրատեսիլ» և պետք է հյուրընկալենք բազմաթիվ երեխաներ Եվրոպայի տարբեր երկրներից, իհարկե ինչքան անվտանգ շենքը լինի, այնքան մեր երկրի պատիվն է:
Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը ամեն ինչ անում է, որ ոչ միայն արդիականացնի կառույցի անվտանգությունը, այլև ըստ արժանվույն հյուրընկալի «Մանկական Եվրատեսիլն» ու սպասվող բոլոր տեղական և միջազգային միջոցառումները: