48-ամյա Արտակ Նիկողոսյանը արդեն երկար տարիներ ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում: Ասում է՝ սխալ ախտորոշման ու բուժման հետևանքով է այս վիճակում հայտնվել: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող տղամարդը Արտաշատի բնակիչ է, վերջին անգամ 2 տարի առաջ է տնից դուրս եկել: Դրանից առաջ չի էլ հիշում՝ երբ: Այդ հնարավորությունը հազվադեպ է ունենում` նախ օգնող ուժ, հետո էլ վերելակ չլինելու պատճառով: Իսկ չորս պատից այն կողմ անծանոթ իրականություն է հայտնաբերում:
Արտակ Նիկողոսյան - Իմ համար նորություն է սաղ: Ես Արտաշատի գույնը չէի տեսել, երկու տարի առաջ որ ինձ հրավիրեցին մեր մարզպետը ռեստորան, մեր տղաներից մի քանի հոգու հետ, ես նայում էի՝ չտեսը ոնց ա նայում, էս ռեստորա՞ն ա, էս ի՞նչ ռեստորան ա, էս որտե՞ղ ենք:
Արտակը առողջական լուրջ խնդիրներ ունեցող մոր հետ է ապրում: Տարիներ շարունակ խնամող-օգնական է փնտրել: Դիմել է պետական մարմիններին, պատասխան ստացել, որ նման ծրագիր չկա:
Արտակ Նիկողոսյան - Խնամողներ կան, ինտերնետը մտնում ես՝ լիքը, գումարով, ու 200 հազար, ես որտեղից, եթե ես ստանում եմ 63 հազար:
Բայց մեկ տարի առաջ Արտակին հաջողվել է խնամող գտնել: Ասում է՝ սիմվոլիկ գումար է վճարում: Հարևանն էլ հաճախ է օգնության հասնում:
Արտակ Նիկողոսյան - Իմ մերը, տես՝ ինչ վիճակում է, նույնն էլ իր աղջիկը, պառկած է անկողնային, բայց էլի համ էնտեղ ա վազում, համ էստեղ ա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի աջակցությամբ և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը: Անձնական օգնականը հաշմանդամություն ունեցող անձին պետք է օգնի տեղաշարժվել տանը և դրսում, ուղեկցել մշակութային հաստատություններ, օգնել սնվելու, հագնվելու, հիգիենայի պահպանման, դեղորայքն ընդունելու և կենցաղային այլ հարցերում: Նախարարության մասնագետն ընդգծում է՝ ոչ թե անել նրա փոխարեն, այլ աջակցել, սովորեցնել անկախ կյանք վարել:
Աննա Հակոբյան (ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ) - Դա նոր ծրագիր է, երբևէ չի եղել: Հասարակական կազմակերպություններ կան, որ արել են փոքր ծրագրեր, բայց սա՝ որպես պետական ծրագիր, նորություն է:
Կարգն ուժի մեջ է մտնելու 2024 թվականից: Հակոբյանը պարզաբանում է՝ մինչև այդ պետք է փոխկապակցված մեկ այլ ծրագիր իրագործվի՝ ներդրվեն անկախ կյանքի կենտրոններ, որոնք էլ պետք է վերապատրաստեն հաշմանդամություն ունեցող անձանց ապագա օգնականներին:
Աննա Հակոբյան - Մեզ համար շատ կարևոր է, որ հատուկ վերապատրաստում անցած և մեծ գիտելիքներ ու փորձ ունեցող մարդիկ կատարեն այս ծառայությունը, ընտանիք մտնեն մարդիկ, ում կվստահեն ընտանիքները և հաշմանդամություն ունեցող մարդը:
Օգնականի աշխատավարձը վճարելու է պետությունը: Թե որքան՝ կարգը չի սահմանում, այդ հաշվարկները թերևս լինեն այս տարվա վերջին: Ի դեպ, հաշմանդամություն ունեցողը կարող է օգնականի աշխատավարձին հավելում անել՝ ցանկության դեպքում: Հաշմանդամությունը գնահատող թիմը ևս ընդլայնվելու է: 2023 թվականից, բժշիկներից բացի, կընդգրկվեն հոգեբաններ, էրգոթերապիստներ, սոցմանկավարժներ և այլն: Հենց նրանք էլ կորոշեն՝ մարդն ունի՞ անձնական օգնականի կարիք, թե՞ ոչ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան,