ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
«Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմի ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև Հանրապետության նախագահը: Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ. ԱՐՑԱԽԻ ԱԳՆ
2016-ի ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ՝ նշված է քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարության հայտարարությունում: «Այդ գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան՝ ավելի ամրապնդելով Ադրբեջանի իշխանության վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ»,- նշված է հայտարարությունում։
«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունը հրաժարվում է հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում է խախտել իր պարտավորությունները և չի դադարեցնում ագրեսիվ գործողությունները՝ միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների»:
Ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակը հարգել են նաև Արցախի մայրաքաղաքում: Խորհրդարանի և կառավարության անդամների գլխավորությամբ արցախցիները հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել և խնկարկել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նահատակվածների հիշատակը: