ԿԻԵՎԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ
Կիևի շրջանում ապրիլի 2-ի ժամը 21-ից մինչև 3-ի առավոտյան ժամը 6-ը պարետային ժամ է սահմանվել։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ Ուկրաինայի Բրովարիի, Վիշգորոդի և Բուչայի շրջաններում, որոնք կրկին անցել են երկրի ԶՈՒ վերահսկողության տակ, պարետային ժամը կտևի մինչև ապրիլի 5-ի առավոտյան ժամը 6-ը։
Շարունակվում է խաղաղ բնակիչների տարհանումը։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են մարդասիրական 7 միջանցք գործարկելու մասին: Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ նախօրեին տարհանվել է 6200-ից ավելի մարդ։
Ռուսական կողմի տվյալով էլ՝ նախօրեին առանց Կիևի աջակցության Ուկրաինայի վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 16000 մարդ։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ՝ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո խոստացել է՝ Եվրամիությունը կճանաչի Ուկրաինայի եվրոպական հավակնությունները և ԵՄ անդամակցության թեկնածու երկիր լինելու ցանկությունը։
«Ուկրաինան Եվրոպա է ավելի քան երբևէ», - հայտարարել է նա։
Ստամբուլում մարտի 29-ին ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Մոսկվան չի առարկում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և հույս հայտնել, որ վերջինս չի վախենում Ռուսաստանի նախագահից։ Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինային ռազմական օգնությունը հաճախ հետաձգվում է։
«Եթե գործընթացը շարունակի ձգձգվել, մարդկանց մոտ հարցեր կառաջանան։ Մենք չենք ուզում հավատալ, որ մեր գործընկերները խաղում են մեր թիկունքում»,- հավելել է նախագահը։
ԱՐԴՅՈՔ ԿԻԵՎԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Զելենսկին հայտնել է նաև, որ Կիևը մի շարք երկրների հետ անվտանգության երաշիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր է փոխանակել։
«Երաշխավոր երկրների ցանկում Ուկրաինան ցանկանում է տեսնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Թուրքիային։ Երաշխավոր են ուզում դառնալ նաև Իսրայելն ու Իռլանդիան։ Կցանկանայինք, որ Չինաստանն էլ մեր կողմից լիներ»,- նշել է Զելենսկին։
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Փարիզը կդիտարկի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկիր դառնալու հնարավորությունը, եթե երկիրը չեզոք կարգավիճակ ընդունի։
Երաշխավոր դառնալու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Լեհաստանը։ Սակայն Վարշավան նման քայլի կգնա, եթե նախաձեռնությանը միանան խոշոր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։
Վաշինգտոնը և Պեկինը հստակ պատասխան դեռևս չեն տալիս։
Զելենսկին հարցազրույցում անդրադարձել է նաև Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհին, որը, ըստ ռուսական կողմի, բռնկվել էր ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով։
«Կներեք, ես չեմ քննարկում իմ հրամանները որպես գերագույն գլխավոր հրամանատար կամ պետության ղեկավար։ Մեզ վրա հարձակվել են, դա է կարևորը»,- ասել է Զելենսկին։
Նախօրեին ուկրաինական կողմը հերքել էր Կիևին ներկայացվող մեղադրանքները։
Զելենսկին նաև քննարկել է երկրի տնտեսական իրավիճակը նախագահի աշխատակազմի և Նախարարների կաբինետի տնտեսական հարցերով պատասխանատուների հետ։ Հանդիպումից հետո հայտարարվել է, որ ռազմական գործողությունների մեկ ամսում Ուկրաինան ծախսում է մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար։