ՈՒԿՐԱԻՆԱՅԻ՝ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում առաջընթաց է արձանագրվել, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո։ Վերջինս նշել է, որ «Ուկրաինան Եվրոպա է ավելի քան երբևէ»։
«Խոստանում եմ՝ Եվրամիությունը կճանաչի Ուկրաինայի եվրոպական հավակնությունները և ԵՄ անդամակցության թեկնածու երկիր լինելու ցանկությունը»,- նշել է Մեցոլան։
Ստամբուլում մարտի 29-ին ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Կիևը հրաժարվում է միանալ ռազմական դաշինքների, օտարերկրյա ռազմակայաններ տեղակայել երկրում, զորավարժություններ անցկացնել առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, համաձայնության։ Մոսկվան էլ, իր հերթին, չի առարկում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին։
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Զելենսկին հանդես է եկել հերթական ուղերձով, հայտարարել՝ ռուսական զորքերը պատրաստվում են նոր հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային։
«Մեր երկրի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ռուս զինվորականները շարժվում են դեպի Դոնբաս, Խարկով։ Մենք էլ պատրաստվում ենք պաշտպանվել»,- նշել է նա։
Նախագահն ընդգծել է՝ ծանր մարտեր են սպասվում։
Վոլոդիմիր Զելենսկին նաև հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և հույս հայտնել, որ վերջինս չի վախենում Ռուսաստանի նախագահից։
Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինային ռազմական օգնությունը հաճախ հետաձգվում է։
«Եթե գործընթացը շարունակի ձգձգվել, մարդկանց մոտ հարցեր կառաջանան։ Մենք չենք ուզում հավատալ, որ մեր գործընկերները խաղում են մեր թիկունքում»,- հավելել է նախագահը։
ԱՐԴՅՈՔ ԿԻԵՎԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԵ՞Ն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Զելենսկին հայտնել է նաև, որ Կիևը մի շարք երկրների հետ անվտանգության երաշիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր է փոխանակել։
«Երաշխավոր երկրների ցանկում Ուկրաինան ցանկանում է տեսնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Թուրքիային։ Երաշխավոր են ուզում դառնալ նաև Իսրայելն ու Իռլանդիան։ Կցանկանայինք, որ Չինաստանն էլ մեր կողմից լիներ, որոշումը նրանցն է»,- նշել է Զելենսկին։
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Փարիզը կդիտարկի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկիր դառնալու հնարավորությունը, եթե երկիրը չեզոք կարգավիճակ ընդունի։
Երաշխավոր դառնալու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան և Լեհաստանը։ Վերջինս, սակայն, պայման է առաջադրել՝ Վարշավան նման քայլի կգնա, եթե նախաձեռնությանը միանան մի շարք խոշոր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։
Վաշինգտոնը և Պեկինը հստակ պատասխան չեն տալիս։
«Վաշինգտոնը դեռ չի կարող խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին»,- հայտնել են Սպիտակ տնից։
Չինաստանի վարչապետն էլ տեղեկացրել է՝ իր երկիրը մտադիր է անկախ դիրքորոշում պահպանել ուկրաինական հարցում։ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Պեկինը Կիևից անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցում չի ստացել։
Զելենսկին հարցազրույցում անդրադարձել է նաև Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհին, որը, ըստ ռուսական կողմի, բռնկվել էր ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով։
«Կներեք, ես չեմ քննարկում իմ հրամանները որպես գերագույն գլխավոր հրամանատար կամ պետության ղեկավար։ Կան հարցեր, որոնք ես քննարկում եմ միայն Ուկրաինայի զինված ուժերի հետ։ Մեզ վրա հարձակվել են, դա է կարևորը»,- ասել է Զելենսկին։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հերքել էր Կիևին ներկայացվող մեղադրանքները և հայտարարել, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է Ռուսաստանի ղեկավարությունը։
300 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ-ն Ուկրաինային 300 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի՝ հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Այդպիսով, պաշտոնյայի խոսքով, Վաշինգտոնը ցանկանում է ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանության կարողությունները։
«Նոր փաթեթը ներառում է լազերային կարգավորմամբ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, գիշերային տեսանելիության սարքեր և զինամթերք»,- հստակեցրել է Քիրբին։
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԱԶ ԳՆԵԼ ՌԴ-ԻՑ
Բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
«Լոնդոնը ցանկանում է լինել առաջատարը հակառուսական նախաձեռնություններում։ Ահա և արդյունքը»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով փաստը, որ Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, և դրա հետևանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով:
Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել ռուսական բնական գազի համար վճարումները ռուբլով հաշվարկելու կարգի մասին: «Արևմուտքի երկրները պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն գազի դիմաց վճարումներ կատարելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։
ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶԻ
Առաջիկա 10 տարում Եվրոպան չի կարողանա նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Եթե խոսենք այլընտրանքների մասին, ապա Թուրքիան և Ադրբեջանն իրականացրել են Տրանսանատոլիական գազատար նախագիծը»,- նշել է Քալընը:
Նա հավելել է, որ, այդուհանդերձ, չի կարելի «այրել բոլոր կամուրջները» Ռուսաստանի հետ, իսկ հակառուսական պատժամիջոցները ավելի շատ կհարվածեին Թուրքիային, քան Ռուսաստանին:
«Արևմուտքը մեզ վրա ճնշում չի գործադրում։ Բոլորը հասկանում են մեր դիրքորոշումը, մեր նուրբ միջնորդական դերը»,- նշել է Քալընը:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Քալընն ընդգծել է, որ դրա մասին դեռ վաղ է խոսել․ քննարկելիք շատ հարցեր կան։