Ապրիլի 1-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն աշխատանքային այց է կատարել Ֆրիսլանդ մարզ:
Դեսպանը հյուրընկալվել է Լյուվարդեն քաղաքում գտնվող Նիդերլանդների ջրային համալսարանում, այցելել համալսարանի տարածքում գործող լաբորատորիաներ, որտեղ ոլորտի մասնագետները ներկայացրել են ջրային կառավարման նիդերլանդական փորձը և գիտելիքները:
Տ․ Բալայանը ծանոթացել է Նիդերլանդների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հսկայածավալ նորարարական լուծումներին, որոնց շնորհիվ ստուգվում է խմելու ջրի որակը, կատարվում բազմաշերտ զտման աշխատանք՝ ապահովելու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և շրջանաձև տնտեսության շարունակականությունը։
Դեսպան Բալայանը նիդերլանդացի գործընկերներին է ներկայացրել ջրային ոլորտում Հայաստանի կարիքները, նախանշվել են կոնկրետ ուղղություններով փոխգործակցություն հաստատելու գործնական մոտեցումները։
Դեսպանն այնուհետև հանդիպել է Լյուվարդենի քաղաքապետ Սիբրանտ ֆան Հարսմա Բյումաի հետ:
Դեսպանը Լյուվարդենի քաղաքապետին առաջարկել է դիտարկել քաղաքային տնտեսության կառավարման և բարեփոխումների նիդերլանդական փորձը Հայաստանի ՏԻՄ-երին փոխանցելու և ապակենտրոնացված համագործակցության խթանմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին քաղաքապետը դրական է արձագանքել:
Դեսպան Բալայանի հաջորդ կանգառը Լյուվարդենի կաթնամթերքի համալսարանի և հետազոտությունների կենտրոնում էր, որը գործում է աշխարհահռչակ Վախենինգենի համալսարանի հովանու ներքո։
Կենտրոնի գործունեության վերաբերյալ շնորհանդեսից հետո դեսպանը շրջայց է կատարել տարբեր մասնաշենքերում տեղակայված արտադրամասեր, ծանոթացել կաթի արտադրության և որակի ստուգման ամբողջ գործընթացին։
Կենտրոնի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի հայ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանում նմանօրինակ հաստատություն հիմնելու հեռանկարների շուրջ։