«Մեր մարզը մեր տունն է. մաքրենք ու շարունակենք մաքուր պահել այն» կարգախոսով համամարզային շաբաթօրյակի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Սարդարապատի միջնակարգ դպրոց, մասնակցել բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Կարևորելով մարզում ընդհանուր մաքրման աշխատանքների մշտական կազմակերպումը և մաքրության պահպանումը՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ այդ նպատակով մարզպետարանը պարբերաբար հանձնարարականներ է իջեցնում մարզային և համայնքային ենթակայության հաստատություններին:
Անդրադառնալով համամարզային շաբաթօրյակի իրականացմանը՝ մարզպետը տեղեկացրել է, որ այն ընդգրկում է մարզի ողջ տարածքը, պետական կառույցներ ու հանրային նշանակության օբյեկտներ:
Ներկայացնելով շաբաթօրյակի շրջանակում մի շարք համայնքներ իր կատարած այցերը՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրական է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հույս հայտնել, որ այսուհետ առավել սրտացավ վերաբերմունք կդրսևորվի մարզում ընդհանուր մաքրության պահպանման ուղղությամբ:
Նշենք, որ մարզպետի համապատասխան որոշմամբ մարզպետարանի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խումբը համամարզային շաբաթօրյակի շրջանակում այցելել է համայնքներ, մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:
Մարզի ողջ տարածքում իրականացված մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 25 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ:
Շաբաթօրյակին ներգրավվել է ավելի քան 200 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ և կցասայլեր: