Խոշորացումից հետո ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսվել 11 բնակավայր ներառող Արմավիր համայնքում: Եղանակն այս պահին թույլ է տալիս ավարտին հասցնել Լուկաշինի ներհամայնքային ճանապարհը, որը երեսպատելու են տեղական քարով:
Շինարարությունն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով: Բյուջեն 15 մլն դրամ է: Պետությունն ու համայնքը մասնակցում են հավասար ֆինանսավորմամբ: Մի շարք բնակավայրերում էլ շարունակվում են անցած տարվանից մնացած աշխատանքները:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Նախորդ տարվանից ունենք տարանցիկ օբյեկտներ, որոնք շահագործման չեն հանձնվել, շինարարությունը տեղափոխվել է այս տարի: Ավարտական փուլում է Նորավանի կենտրոնում հուշարձանի կառուցումը, աշխատանքներ են ընթանում նաև Մյասնիկյան համայնքում՝ մշակույթի տուն և գրադարան:
Արմավիրցիներն այս տարի աննախադեպ թվով հայտեր են ներկայացրել Կառավարություն: Մանկապարտեզների կառուցում ու հիմնանորոգում, ջրագծերի փոփոխություն, նաև՝ ասֆալտապատում. բոլորը ներառված են սուբվենցիոն փաթեթում:
Դավիթ Խուդաթյան - Ասֆալտապատման մեծ նախագիծ ունենք Գորկու փողոցի մասով, հայտն արդեն հաստատված է, աշխատանքները կսկսեն սեզոնի՝ բարենպաստ լինելուն պես:
Ընդհանուր բյուջեն մոտ 950 մլն դրամ է: Փողի մի մասը կհատկացնի պետությունը, մյուսը՝ Արմավիր համայնքը: 2022 թվականին ամբողջապես փոխվելու է Լենուղի և Այգեվան գյուղերի խմելու ջուր ապահովող ջրատար համակարգը: Հիմնանորոգվելու են Արմավիր, Սարդարապատ և Արաքս բնակավայրերի մանկապարտեզները: Բացի սուբվենցիայից, պետությունն ամբողջապես նաև այլ ծրագրեր կֆինանսավորի:
Դավիթ Խուդաթյան - Երեք մանկապարտեզ կառուցվելու է պետական բյուջեի միջոցներով՝ Նորավան, Լենուղի և Այգեվան համայնքներում, այնպես որ, բուռն շինարարական տարի է սպասվում:
Անմխիթար վիճակում է Արմավիրի խմելու ջուր ապահովող համակարգը: Բացի այն, որ ջուրն արտեզյան հորերից են ստանում, նաև՝ սպառողին հասնում է ոչ սարքին խողովակաշարով:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ սկզբում վերակառուցելու և արդիականացնելու են խմելու ջրագծերը, ինչից հետո քաղաքը բարձրորակ ջրով ապահովելու տարբերակներ կփնտրեն: