Շիրակի մարզի Ազատան համայնքում տղամարդկանց մեծ մասը մտադիր չէ մեկնել արտագնա աշխատանքի։ Մարտին Մոսոյանի ընտանիքը, օրինակ՝ որոշել է այս տարի ավելացնել անասունների գլխաքանակը, թարմացնել սորտերը։
Մարտին Մոսոյան (Ազատան համայնքի բնակիչ) - Ցորեն ու գարի եմ երել, խոտ, կարտոլ քիչ եմ ցանում, անասնապահությամբ եմ զբաղվում: Ես խոտն եմ ավելցրել, որ անասուններին ապահովեմ, խոտի գինը թանկ է: Կովը պիտի շատացնել, կաթնատվություն, փոխենք սորտերը, որ կաթնատու անասուն լինի, թե չէ իմաստ չունի, որ 10 լ կա, գոնե 20-25 պիտի լինի:
Սամվել Պապիկյանն ամեն տարի այս օրերին արդեն Ռուսաստանում էր, այս տարի գյուղի դպրոցի շենքն է կառուցում, հիմքերն արդեն գցվում են։
Սամվել Պապիկյան (Ազատան համայնքի բնակիչ) - Փառք Աստծո, գործը կա, նորմալ է: Կտեսնիք՝ դպրոցը կսարքենք, կարևորը՝ ընտանիքի մոտ ենք, գործը կա, աշխատանքը կա, գոհ ենք, սաղ նորմալ:
Սարգիս Ճղրիկյան (Ազատան համայնքի բնակիչ) - Մեր մարզի մեջ կաշխատենք, գործի խնդիր չկա, ցանկություն էլ չկա, առաջարկություն կա, ցանկություն չունենք, գործը կա, փողը կա, կարիք չկա: Այնտեղ ծախսերն ավելի շատ են, ճանապարհածախս, դակումենտի փող չես տա, ինչ կաշխատես՝ քո ընտանիքի համար:
Դպրոցի շինարարությունը կշարունակվի երկու տարի, որում ընդգրկված մոտ 60 բնակիչ կունենա կայուն եկամուտ։
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ազատանի դպրոցի շինարարությունն իրականացվում է սեյսմիկ անվտանգության ծրագրով՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, և այնտեղ, այո՛, նախատեսվում է ունենալ նոր դպրոց, որն ամբողջությամբ կհամապատասխանի սեյսմիկ անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև ժամանակակից դպրոցական միջավայր կունենանք, որտեղ երեխաները կկարողանան բարձր որակի կրթություն ստանալ։
Այս տարի պետբյուջեի միջոցներով մարզի Արեգնադեմ, Բերդաշեն և Կապս համայնքներում կկառուցեն մոդուլային դպրոցներ, ծրագիրը նախատեսում է նաև մոդուլային մանկապարտեզների կառուցում։