Ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը կպահպանվի առաջիկա տասը տարում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Եվրոպան մշակում էր Nabucco նախագիծը՝ որպես այլընտրանք ռուսական մատակարարումներին:
«Եթե խոսենք այլընտրանքների մասին, ապա Թուրքիան և Ադրբեջանն իրականացրել են Տրանսանատոլիական գազատար (TANAP) նախագիծը: Դրա ընդլայնումը կարող է դիտարկվել որպես այլընտրանք ռուսական գազին։ Տարբեր աղբյուրների միացումն այս նախագծին հնարավոր է Թուրքիայի տարածքով»,- նշել է Քալընը:
Չնայած դրան՝ Էրդողանի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ չի կարելի «այրել բոլոր կամուրջները» Ռուսաստանի հետ. պետք է լինի մեկը, որը «կխոսի Մոսկվայի հետ»: Բացի այդ, Քալընի խոսքով՝ հակառուսական պատժամիջոցներն ավելի շատ կհարվածեին Թուրքիային, քան Ռուսաստանին:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում Արևմուտքը մեզ վրա ճնշում չի գործադրում։ Բոլորը հասկանում են մեր դիրքորոշումը, մեր նուրբ միջնորդական դերը»,- նշել է Քալընը՝ հստակեցնելով, որ Անկարան չի պատրաստվում սահմանափակումներ կիրառել Մոսկվայի դեմ:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր հանդիպմանը՝ Քալընն ասել է, որ նման հանդիպման համար դեռ վաղ է. քննարկման ենթակա շատ հարցեր կան: