Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժումը 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։ Այս մասին նշել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ առցանց հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ:
«Իմ մտահոգությունը հայտնեցի նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։ Հորդորեցի անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի համաձայն»,- նշել է Կալյուրանդը։
Նա գործընկերոջը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ Եվրախորհրդարանի 2022 թ. մարտի 10-ի բանաձևը՝ շեշտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու համար Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː
«Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որ կարող են խաթարել այս ջանքերը»,- նշված է եվրապատգամավորի հայտարարության մեջ:
Կալյուրանդը նշել է նաև, որ հավելյալ տեղեկություն է հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» միջոցով: