Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո։
Ռոբերտա Մեցոլան իր հերթին նշել է. «Խոստանում եմ՝ Եվրամիությունը կճանաչի Ուկրաինայի եվրոպական հավակնությունները և ԵՄ անդամակցության թեկնածու երկիր լինելու ցանկությունը»:
Ստամբուլում մարտի 29-ին ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Մոսկվան չի առարկում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին։ Նրա խոսքով՝ Կիևը հրաժարվում է միանալ ռազմական դաշինքների, օտարերկրյա ռազմակայաններ տեղակայել Ուկրաինայում, զորավարժություններ անցկացնել՝ առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի համաձայնության։