Ընձուղտ, զեբր, կոկորդիլոս, այծքաղ, թութակ և այլ էկզոտիկ կենդանիներ 2021-ին Հայաստան շատ են ներկրվել: Դրանց մի մասն այստեղից նաև արտահանվել է:
Նարեկ Հայրապետյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ) - 2021 թվականին Հայաստան ընդհանուր առմամբ ներմուծվել են 261 գլուխ կամ հատ, կամ թև, որովհետև այնտեղ կենդանի թռչուններ էլ կան, արտահանվել են 156-ը: Պարզ տրամաբանությամբ երևում է, որ կենդանիների զգալի մասը գտնվում է Հայաստանում:
Ներմուծման ու արտահանման թույլտվությունները տալիս են շրջակա միջավայրի նախարարությունն ու սննդամթերքի անվտանգության տեսչությունը: Կենդանին չի կարող ներմուծվել կամ արտահանվել, եթե գրանցված է Կարմիր գրքում, դրա որսն արգելված է, կամ էլ պահելու համար հատուկ պայմաններ են պետք: Ըստ ՍԱՏՄ տվյալների՝ 2021-ին ներկրվել են 44 ընձուղտ, 20 զեբր, 20 կոկորդիլոս: Կենդանիները ներկրվում են հատուկ թույլտվությամբ՝ ասում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը:
Նարեկ Հայրապետյան - Գոյություն ունի ռեեստր շրջակա միջավայրի նախարարությունում, և այդ կենդանիների արտահանման և ներմուծման դեպքում պարտադիր պահանջների մեջ է մտնում մեր գերատեսչությունը, որ ներկայացնեն «Սիտես» կոչվող սերտիֆիկատ: Եթե տնտեսվարողն ունի այդ սերտիֆիկատը, որտեղ գրված է, որ կենդանիների տեղաշարժը թույլատրվում է, մենք արդեն նայում ենք մեր մասով՝ անասնահամաճարակային վիճակ, տեղափոխմման պայմաններ, հիվանդությունների առկայություն:
Բոլոր կենդանիները եղել են առողջ ու Հայաստան ներկրելու պահանջներին համապատասխան՝ վստահեցնում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը: Կենդանիները ներկրվել են Ռուսաստանից, Լիբանանից, Իրանից, Կոնգոյից, Հարավաֆրիկյան երկրներից: Անցած տարի մեր երկիր բերված կենդանիներից 156-ը արտահանվել են Ամերիկա, Իրան, Իրաք,Վրաստան, Ռուսաստան: