ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այսօր մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Համայնքների խոշորացման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ որոշ համայնքներում ՏԻՄ կառավարման բնականոն ընթացքը խաթարված է: Այս օրենսդրական նախաձեռնության հրատապությունը նրանում է, որ այդ համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, ՏԻՄ կառավարումը բնականոն շարունակվի: Առաջարկվում է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընդունումը կազմակերպվի 24 ժամվա ընթացքում»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ այս պահին նման խնդիր կա Վանաձորում:
«Այնտեղ դատարանի որոշմամբ՝ համայնքի ղեկավար ընտրելու նիստն արգելվել է, մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Մյուս նիստը հուլիսին է նշանակված: Ստացվում է, որ նորընտիր ավագանին իր կամքից անկախ չի կարող նիստ գումարել, և համայնքի բնականոն գործունեությունը խաթարված է»,- ասաց Հովակիմյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում թվով 45 համայնքներում անցկացվեցին համամասնական ընտրակարգով ավագանիների ընտրություններ: Ընդ որում՝ առաջին անգամ կիրարկվեցին 2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքով սահմանված կարգավորումները:
Կայացած ընտրություններից հետո, համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի՝ պետք է կայանար համայնքի ղեկավարի ընտրություն: Մի շարք համայնքներում այդ գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի և բնակչության սպասարկման վրա:
Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Նույն կարգավորումը սահմանվում է նաև նախագծի անցումային դրույթներում, որպեսզի բացառվեն վերը նկարագրված իրավիճակի բացասական հետևանքները: