Սևջուր գետի վրա կառուցված կամրջի 6 հեծանից 2-ը գերբեռնված մեքենաների պատճառով վնասվել է: Մի քանի օր է՝ կամրջի վնասվելու պատճառով կաթվածահար է եղել Մ-3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածի երթևեկը: Տարածքի բնակիչներն ու վարորդները խնդիրը բարձրաձայնելու համար ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են արել, ճանապարհ փակել: 60-ականներին կառուցած ու քայքայված կամուրջը օրեր առաջ ճաք տվեց, չդիմացավ ծանրությանը:
Ռուստամ Խուդոյան - Տարուց ավելի է՝ այսպես է:
Արման Հարությունյան - Ես 200 հազար հարկ եմ տալիս էս մեքենայի համար, բայց քշում եմ էս ճանապարհով, իսկ քաղաքացին հարթ ճանապարհով է քշում՝ էլի էդքան վճարելով:
Կամրջի կենտրոնում բացված խոռոչն առաջինը նկատել է Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ու ահազանգել մարզի ղեկավարությանը: Մասնագետների խումբն արագ արձագանքել է: Եկել են, ուսումնասիրել, արգելափակել այդ հատվածն ու ճանապարհային նշաններով կարգավորել մեքենաների տեղաշարժը: Երթևեկության սահմանափակումներին, սակայն, ոչ բոլոր վարորդներն էին ենթարկվում:
Վարդան Կարապետյան («Գրիգորշին» ՍՊԸ տնօրեն) - Հին անվադողերով փակել ենք այն հատվածը, որը վնասված է, երկու վնասված հեծանների վրա չենք թողում ծանրաբեռնվածություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել կամրջի վնասված մասը՝ ծանրաբեռնվածությունը թողնելով անվնաս հատվածին: Բայց քանի որ մեքենաների շարժն այս ճանապարհին չափազանց ակտիվ է, անվտանգության համար բացել են նաև վնասված կամրջին կից, 80-ականներին կառուցված ու երբևէ չշահագործված երկրորդ կամուրջը:
Ղազար Ղազարյան (Արաքս համայնքի ղեկավար) - Այլընտրանքային ճանապարհ է, որ երեկ ենք բացել, նորմալ կամուրջ է: Երբ մեքենաներն Էջմիածնի ուղղությունից են գալիս՝ վնասված կամրջի մի մասով են երթևեկում, իսկ էս կողմից գնացողները՝ նոր բացվածով:
Փոշու հաստ շերտի տակ մնացած ու մոռացության մատնված կից կամուրջը, որը հանգամանքների բերումով դարձել է այլընտրանքային ճանապարհ, ժամանակավոր լուծում է: Մարզի ղեկավարությունը վթարային կամուրջն ամրացնելու խնդրանքով դեռ ամիսներ առաջ էր դիմել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն: Այն հրատապության կարգով ընդգրկվել է ընթացիկ տարվա հիմնանորոգման ծրագրում:
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Մարզպետարանի և ՏԿԵ-ի մասնագետների կողմից ուսումնասիրվել է, կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կամրջի նորոգման համար: Վերանորոգումը հրատապության կարգով ներառված է 2022 թվականի ծրագրում:
Վնասված է նաև նույն ճանապարհի վրա գտնվող Ջրառատի կամուրջը: Որպես տարանցիկ ուղի՝ շինարարները մատնանշում են գյուղով անցնող ճանապարհները: Բայց քանի որ դրանք այն որակն ու ամրությունը չունեն, որ դիմանան ծանր մեքենաներին ու նաև նախատեսված չեն ակտիվ երթևեկի համար, վարորդների հույսը մնում է ճանապարհային մեկ գոտին ու փոշեծածկ՝ կից կամուրջը: