Առողջապահության նախարարի գլխավորությամբ ու ավելի քան 40 կազմակերպությունների ներգրավմամբ՝ ստորագրվեց «Հոգեկան առողջություն» կոալիցիա ստեղծելու հուշագիրը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո՝ կարևորելով Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրների, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ամրագրումը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Թե՛ քովիդը, թե՛ մեր երկրի պարագայում պատերազմական գործողությունները ևս մեկ անգամ շեշտադրեցին և այդ խիստ կարիքը ընդգծեցին ուշադրությունը սևեռելու մարդկանց հոգեկան առողջության վրա, որովհետև մենք պատկերացնում ենք մարդուն մի ամբողջություն, որ առողջությունը միայն ֆիզիկական հիվանդությունների բացակայությունը չէ, այլ ընդհանուր մարդու առողջ, լավ լինելն է, որի մեջ շատ կարևոր է նաև հոգեկան բաղադրիչը:
Նախարարն ընդգծեց՝ կոալիցիայի ստեղծման նպատակն է ոլորտում աշխատող կառույցներին, միջազգային կազմակերպություններին համախմբել, հասկանալ՝ օրենսդրական, ֆինանսական, բուժման ընթացքի վերաբերյալ խնդիրներն ու համատեղ ուժերով դրանք լուծել:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչը նախաձեռնությունը կարևոր է համարում, քանի որ հոգեկան առողջության խնդիրն իրոք մտահոգիչ է:
Ժիհան Թաուիլա (Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ) - Ամեն օր կարող ենք հանդիպել այդպիսի խնդիրներով անձանց: Հոգեկան առողջությունը չափազանց կարևոր է, որովհետև մենք ապրում ենք արագ փոփոխվող ժամանակներում, երբ ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ:
Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել է մանկական հոգեբուժական առաջին ստացիոնար բաժանմունքը, ընթացքի մեջ է Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումը, սակայն, նախարարի խոսքով, անելիքները դեռ շատ են:
Արմեն Սողոյան (Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ) - Կոալիցիայի ձևավորումը գործիքներից է, որը կապահովի տեղեկատվության ամբողջական կենտրոնացումը, համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև՝ պետական ծրագրերի առկայության դեպքում տարբեր կազմակերպությունների, որոնց կբավարարեն որոշակի պահանջների ներգրավումը:
Անահիտ Ավանեսյան - Մենք որպես լիազոր մարմին համակարգելով և մաս կազմելով այս մասնագիտական հանրության՝ պիտի փորձենք օգտագործել այդ ներուժը և քայլ-քայլ հարցերը լուծելով՝ փորձենք ավելի լավ կանխարգելում ունենալ, ավելի մատչելի թե՛ հոգեբանական, թե՛ հոգեբուժական ծառայություններ ունենալ:
Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ կոալիցիայի ստեղծմամբ՝ հոգեկան առողջության խնդիրներն ավելի շատ կբարձրաձայնվեն, ու կանխարգելումն ավելի հեշտ կլինի: