Տեսակոնֆերանսի միջոցով այսօր տեղի է ունեցել ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը, որի նպատակն էր համոզել Պեկինին՝ ֆինանսական կամ ռազմական օգնություն չտրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայում նրա գործունեության պատճառով՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու ցանկացած փորձ կերկարաձգի պատերազմը։ Մենք ուշադիր հետևելու ենք Ռուսաստանին ֆինանսական կամ ռազմական օգնություն ցուցաբերելու ցանկացած փորձին»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Գագաթնաժողովում Եվրամիությունը ներկայացնում էին Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Չինաստանը՝ նախագահ Սի Ծինպինը և վարչապետ Լի Կեցյանը:
Չինական կողմը հայտարարել է, որ Պեկինը մտադիր է անկախ դիրքորոշում պահպանել ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ: Միաժամանակ հույս է հայտնել, որ ԵՄ-ն էլ ինքնուրույն կձևավորի իր դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ և կվարի անկախ քաղաքականություն:
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարևորել է Չինաստանի և ԵՄ կայունացնող դերը ներկա համաշխարհային անկայուն իրավիճակում: Նրա համոզմամբ Չինաստանն ու Եվրոպան պետք է ապահովեն կայունացնող գործոնները և նպաստեն լարվածության թուլացման ու խաղաղության արագ վերականգնմանը։