ՀՐԴԵՀ՝ ՌԴ ԲԵԼԳՈՐՈԴ ՔԱՂԱՔԻ ՆԱՎԹԱԲԱԶԱՅՈՒՄ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել՝ ըստ տեղի իշխանությունների՝ ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով։
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է՝ կան տուժածներ՝ նավթաբազայի 2 աշխատակից։
Նշվում է, որ այրվում է նավթի պահեստավորման 8 տարա, կա կրակի տարածման վտանգ։ Տեղում աշխատում է մոտ 200 հրշեջ։
ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿՀԱՇՎԱՐԿՎԵՆ ՌՈՒԲԼՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել ռուսական բնական գազի համար վճարումները ռուբլով հաշվարկելու կարգի մասին: «Արևմուտքի երկրները պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն գազի դիմաց վճարումներ կատարելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պայմանագրերի խախտում կհամարի, եթե ոչ բարեկամական երկրներից գազի գնորդները հրաժարվեն վճարել ռուբլով, և գազի մատակարարման գործող պայմանագրերը դադարեցվեն:
Ավելի վաղ գազի դիմաց վճարումների անհնարինության մասին էին հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Նման հայտարարությամբ էին հանդես եկել նաև «Մեծ յոթնյակը» և Եվրոպական հանձնաժողովը:
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ 1 ՄԼՆ ԲԱՐԵԼ ՆԱՎԹ ԿՈՒՂՂԻ ՇՈՒԿԱ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել առաջիկա վեց ամիսների ընթացքում երկրի ռազմավարական պաշարներից առաջիկա 6 ամսվա ընթացքում շուկա ուղղել օրական միջինը 1 մլն բարել նավթ՝ հայտնել են Սպիտակ տնից:
«Դաշնակիցների ու գործընկերների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում նախագահը կհայտարարի պատմության մեջ ռազմավարական պաշարներից նավթի ամենամասշտաբային հատկացման մասին»,- ասված է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ:
ԱՄՆ-Ը ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ 550 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ վարչակազմը գրեթե ամբողջությամբ ավարտել է 550 միլիոն դոլարի օգնության փաթեթի փոխանցումը Կիևին, որից 350 մլն դոլարը ռազմական բնույթի օգնություն է՝ հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ «Հավանաբար, մնացել է ևս մեկ բեռնափոխադրում իրականացնել»,- հստակեցրել է Քիրբին:
Անդրադառնալով Կիևին 800 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթին՝ խոսնակն ընդգծել է, որ այն արդեն սկսել է ժամանել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ Պենտագոնը նաև հետախուզական տեղեկություններ է տրամադրում Կիևին, որը կարող է օգտակար լինել երկրի իշխանություններին՝ Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին:
ՄԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում բանաձև է ընդունվել, որով կոչ է անում դադարեցնել միակողմանի պատժամիջոցների ընդունումը՝ դատապարտելով դրանք որպես քաղաքական և տնտեսական ճնշման միջոց կիրառելու մոտեցումը։
Բանաձևին կողմ է քվարկել 47 երկրից 27-ը, դեմ՝ 14 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան, ձեռնպահ է մնացել 6 երկիր, որոնց թվում են Հայաստանը, Բրազիլիան և Մեքսիկան։
Փաստաթղթում նշվում է, որ գործող միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ դրանք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։
ՌԴ-Ն ԿԻԵՎՈՒՄ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉԻ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ
Ռուսաստանը հետ է կանչում Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության իր աշխատակիցներին և չի երկարաձգում մանդատի ժամկետը, որը լրացել է մարտի 31-ին՝ հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նա ԵԱՀԿ-ին մեղադրել է Դոնբասում իրականացվող առաքելությանը ռուս մասնագետների մասնակցությունը սահմանափակելու համար։
«Ի սկզբանե գործընթացում ներգրավված էր 40 հոգի, 2021 թվականի վերջին նրանց թիվը հասել էր 28-ի, թեև Ռուսաստանը առաքելության գործունեության համար տարեկան վճարում էր մոտ 2 մլն եվրո», - նշել է նա։ Լուկաշևիչի խոսքով՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներն անտեսել են նաև Ուկրաինայում ռուսատյացության դրսևորումները։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԷՐԴՈՂԱՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ, նա հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները նպաստել են կրակի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացին։
Էրդողանը կրկնել է իր առաջարկը՝ Թուրքիայում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, բայց միայն այն դեպքում, երբ բանակցողները հստակ գրավոր պայմանավորվածություններ ձեռք բերեն։
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հարցում դեռևս առաջընթաց չկա, ստամբուլյան բանակցությունները բեկումնային չդարձան։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարը։
«Ուկրաինայի չեզոքությունը, նրա անվտանգության երաշխիքները, Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի կարգավիճակը քննարկվել են շաբաթներ շարունակ։ Բայց նախ պետք է հրադադար հայտարարել և հստակեցնել ռուսական զորքերի դուրսբերման օրացույցը»,- նշել է Ժան-Իվ Լը Դրիանը։
Արտգործնախարարը հայտնել է նաև, որ ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ քննարկումները կսկսվեն միայն Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կդիտարկի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկիր դառնալու հնարավորությունը, եթե Կիևից նման առաջարկ ստանա։
Այս հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան և Լեհաստանը։ Վերջինս, սակայն, պայման է առաջադրել՝ Վարշավան պատրաստ կլինի որպես Ուկրաինայի անվտանգության երկաշխավոր հանդես գալ, եթե այդ նախաձեռնությանը միանան մի շարք խոշոր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ Վաշինգտոնը և Պեկինը հստակ պատասխան չեն տալիս։
«Վաշինգտոնը դեռ չի կարող խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը։