Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանին, գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանին ու ստեղծագործական կազմի մի քանի անդամի։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, մայրաքաղաքում տեղի ունեցած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Կապանի թատրոնն արժանացել է «Հատուկ մրցանակի»։
Ռոբերտ Ղուկասյանը Թատրոնի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մարզում թատերական արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար շնորհակալագրեր հանձնեց ներկաներին (Տիգրան Աթայան, Իշխան Ղարիբյան, 1-ին կարգի դերասաններ Բորիկ Հովակիմյան, Տիգրան Ղուկասյան, բարձր կարգի դերասան Արթուր Գաբրիելյան, բեմադրական մասի վարիչ Սլավիկ Ոսկանյան, հնչյունային օպերատոր Նարեկ Իսրայելյան)։
Մարզպետը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի ու ստացած բարձր պարգևի կապակցությամբ՝ ստեղծագործական նոր հաջողություններ մաղթելով թատրոնին։ Ռ․Ղուկասյանը նաև շնորհակալություն հայտնեց արվեստագետներին կատարած աշխատանքի ու մարզկենտրոնի մշակութային կյանքում կարևոր դերակատարության համար ՝ նշելով, որ մարզային իշխանությունը միշտ թատրոնի կողքին է ու պատրաստ աջակցել նրան։
Թատրոնի ղեկավարներն ու ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին գնահատանքի ու վերազինման առումով այն աջակցության համար, որ ստացել է մշակութային այս օջախը Ռոբերտ Ղուկասյանից դեռևս նրա՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար լինելու ընթացքում։
Վերջում Տիգրան Աթայանը ներկայացրեց թատրոնի առաջիկա ծրագրերը, նրա զարգացման իրենց տեսլականն ու նպատակները, որոնք ձգտում է իրագործել ստեղծագործական թիմը»,- նշված է գրառման մեջ։