ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Քննարկումներին մասնակցում են նաև աշխատանքային ենթախմբերը։
ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից լուսանկարներ է հրապարակել, հայտնել՝ Ղրիմի և Դոնբասի հարցում Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է։
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՆ. ԼԱՎՐՈՎ
Ուկրաինայի հետ բանակցություններում վերջնական պայմանավորվածություններ դեռևս չկան, սակայն քննարկումները պետք է շարունակվեն՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստան այցի շրջանակում։
«Ռուսաստանը պատրաստում է Ուկրաինայի առաջարկներին իր արձագանքը։ Մոսկվան տեսնում է, որ Կիևը համեմատաբար ավելի լավ է ըմբռնում Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակը։ Հետագա շփումները քննարկվում են»,- ասել է դիվանագետը։
Լավրովը նշել է նաև, որ առաջընթաց կա նաև Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին և որևէ այլ դաշինքի չմիանալու, երկրի չեզոք կարգավիճակի, միջուկային զենքից հրաժարվելու հարցերում։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Ուկրաինայից և եվրոպական երկրներից բացի Ռուսաստանին ևս կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ։
Լավրովն անդրադարձել է նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման մասին Մոսկվայի որոշմանը, նշել՝ ազգային արժույթներին անցնելու պատճառը Արևմուտքի անհուսալիությունն է։ «Մենք չենք ցանկանում կախում ունենալ մի համակարգից, որը կարող է ցանկացած պահի փակվել մեզ համար»,- հստակեցրել է նա։
ՆԱՎԹԱԲԱԶԱՅԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՉԷ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Գազի դիմաց վճարումների հարցը մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է՝ որոշումը ապագայում կարող է չեղարկվել, սակայն այժմ Ռուսաստանի համար դա ամենահուսալի տարբերակն է։
«Ռուսական գազի արտահանման համար ռուբլով վճարմանն անցումը չի նշանակում, որ այդ վճարումների բացակայության դեպքում մատակարարումները կդադարեցվեն հենց ապրիլի 1-ից։ Ներկայիս մատակարարումների համար վճարումը պետք է իրականացվի ապրիլի կեսին կամ մայիսի սկզբին»,- պարզաբանել է Պեսկովը։
Անդրադառնալով Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայի թիրախավորմանը՝ պաշտոնյան զգուշացրել է, որ նման գործողությունները բարենպաստ պայմաններ չեն ստեղծում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար։
«Արվում է հնարավորը, որպեսզի տեղի ունեցածը չազդի վառելիքի մատակարարումների վրա»,- հավելել է խոսնակը։
Ավելի վաղ Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ էր բռնկվել՝ ըստ տեղի իշխանությունների՝ ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է՝ կան տուժածներ՝ նավթաբազայի 2 աշխատակից։ Նավթի պահեստավորման այրվող 8 տարայից 4-ը մարվել է։ Բելգորոդ է ուղարկվել 300-ից ավելի հրշեջ։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Բարբարա Պոմպիլիին խոսել է ռուսական գազի դիմաց եվրոյով վճարումը շարունակելու հնարավորության մասին։ Փոխանցումները կիրականացվեն բանկերի միջոցով, որոնք հետագայում արտարժույթը կվերածեն ռուբլու։ Նա հավելել է, որ խոսքը, մասնավորապես, «Գազպրոմբանկի» մասին է։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ռուսական բնական գազի համար վճարումները ռուբլով հաշվարկելու կարգի մասին: «Արևմուտքի երկրները պետք է ռուսական բանկերում ռուբլու հաշիվներ բացեն գազի դիմաց վճարումներ կատարելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պայմանագրերի խախտում կհամարի, եթե ոչ բարեկամական երկրներից գազի գնորդները հրաժարվեն վճարել ռուբլով, և գազի մատակարարման գործող պայմանագրերը դադարեցվեն:
ԲՈՐԵԼԸ՝ ԵՄ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԴ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ափսոսանք է հայտնել Եվրամիության առաջնորդների դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների կապակցությամբ։
Նրա խոսքով՝ ի տարբերություն ռուսական հակապատժամիջոցների, ԵՄ սահմանափակումները հիմնված են հստակ չափանիշների վրա և ապահովում են դրանք վիճարկելու իրավական հնարավորություններ։
Ըստ հակապատժամիջոցների՝ Ռուսաստանի իշխանություններն արգելում են Եվրամիության մի շարք երկրների քաղաքացիների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների ղեկավարության ու խորհրդարանների ներկայացուցիչների մուտքը ՌԴ: Նրանք, ըստ Կրեմլի, անձնական պատասխանատվություն են կրում ապօրինի պատժամիջոցների խթանման, ռուսատյաց տրամադրությունների հրահրման, ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ոտնահարման համար: