Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերության կողմից տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը:
«Սիրելի՛ հրազդանցիներ,
Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր՝ այն դարձնելով 750 ՀՀ դրամ:
Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ, անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:
Հարգելի՛ համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար՝ 500 ՀՀ դրամ»,- գրել է Սևակ Միքայելյանը: