Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ 4 ըմբիշներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում 0:5 հաշվով պարտվելուց հետո կամային որակներ է դրսևորել և 6:5 հաշվով հաղթանակ տարել Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանի նկատմամբ՝ դուրս գալով Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում Մկրտչյանը կգոտեմարտի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
63 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանը 2 րոպե 26 վայրկյանում 9-0 հաշվով հաղթանակ է տարել Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում Պողոսյանը երեկոյան կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ:
77 կգ քաշայինների որակավորման փուլում Մալխաս Ամոյանը գոտեմարտել է Սլովակիայի ներկայացուցիչ Դենիս Հորվաթի հետ և 5-1 հաշվով առավելության հասել:
Քառորդ եզրափակչում էլ Ամոյանը 6-5 հաշվով դժվարին հաղթանակ է տարել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում Ամոյանը կգոտեմարտի Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Ալբին Օլոֆսոնի հետ:
Այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 1:5 հաշվով զիջել է ադրբեջանցի Բեկա Կանդելակիին:
Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Օվասափյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ):