Երևանի մոլերից հափշտակություններ կատարող հանցավոր խումբ է բացահայտվել: Այն ստեղծվել է 2020 թվականին: Խմբի կազմում տարբեր ժամանակահատվածներում ընդգրկվել է 18 անձ՝ մեծ մասը կանայք. ղեկավարներն ապահովել են նրանց անհրաժեշտ տեխնիկայով:
Յուրիկ Սարգսյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Այսինքն` ապահովում են խլացուցիչ սարքեր, որոնք նախատեսված են խանութ-սրահներում վաճառքի ենթակա ապրանքները խանութից դուրս բերելիս մուտքի մոտ անվտանգության նկատառումներով տեղադրված ձայնազդանշանային համակարգերը խլացնելու համար, որպեսզի հնարավոր լինի գողոնը դուրս բերել խանութից առանց այդ ազդանշաններ արձակելու:
Խմբի անդամներին ապահովել են հատուկ սարքերով, որոնցով հանվել են հագուստների վրա առկա մետաղական սարքերը՝ նվազագույնի հասցնելով բացահայտվելու հնարավորությունը:
Յուրիկ Սարգսյան - Յուրաքանչյուր անդամ ունեցել է հստակ դերակատարում, օրինակ` եղել է, որ խմբի անդամը ստանձնած է եղել խանութում որպես հաճախորդ շրջելու և այդկերպ խանութի աշխատակիցների ուշադրությունը իր վրա սևեռելու դերակատարումը, որպեսզի բուն գողություն կատարողի գործողությունները դուրս մնան խանութի աշխատակիցների ուշադրությունից:
Յուրաքանչյուր գողության դեպքով խմբի անդամներին տրվել են կոնկրետ խանութներից, երբեմն անգամ կոնկրետ ապրանք հափշտակելու ցուցումներ՝ նշում է քննիչը և հավելում՝ հափշտակվել է մոտ 6.5 միլիոն դրամ: Գործով կալանավորվել է միայն խմբի ղեկավարներից մեկը, մյուսները ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ են արձակվել:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան