«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ռասամանջարի» (թարգմանաբար՝ ‹‹Ծաղկունք››) խորագրով միջոցառումը՝ նվիրված Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին:
Մշակութային երեկոյին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը, ինչպես նաև «Հայաստան-Հնդկաստան» բարեկամական խմբի պատգամավորներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել միջոցառմամբ հայ-հնդկական բարեկամությունը ևս մեկ անգամ նշանավորելու և 2 ազգերի պատմական հարուստ անցյալն արժևորելու համար. «Այս միջոցառումը, ի թիվս մյուս մշակութային միջոցառումների, հայ-հնդկական հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են մշակույթի ոլորտում հայ-հնդկական արդյունավետ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և ստեղծագործական նոր հնարավորությունների իրականացմանը։ Վստահ եմ, որ գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ և համապատասխան հիմքեր ունեն՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցությունն առավել առաջ մղելու և հայ-հնդկական հարաբերությունները խորացնելու համար»։
Փոխնախարարն անդրադարձել է միջմշակութային առնչություններին, այս տարիներին իրականացված համատեղ ծրագրերին. ի թիվս մի շարք համագործակցությունների՝ նա ընդգծել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հնդկաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2021-2024 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի կարևորությունը:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նա նշել է, որ երեկոյի հատուկ հյուրն է հայազգի տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանը Կալկաթայից, որը, սակայն, այսօր բնակվում է Ավստրալիայում:
Համերգի ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Հնդկաստանի մշակութային հարուստ ժառանգությունը. հնչել են հայկական ու հնդկական երգեր, ելույթ են ունեցել «Հայաստանում հնդկական մշակույթի կենտրոնի» երգի ու պարի «Շակտի» խումբը, հայ ազգային երգ ու պարի «Ծիրանի ծառ» և «Ակներ» համույթները: Պիտեր Դավիդյանը ևս հանդես է եկել երաժշտական կատարումներով:
Համերգը կայացել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և «Հայաստանում հնդկական մշակույթի կենտրոնի» նախաձեռնությամբ: