ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ համատեղ հայտարարության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը գրավում են ռուս-ուկրաինական իրադարձությունները, բայց, միաժամանակ, նախարարը հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում:
«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար: Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը ԼՂ տարածք՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այս իրավիճակը շարունակվում է մինչ այսօր»,- ասաց Միրզոյանը:
Ռազմական գործողությունների հրահրմանը, նախարարի խոսքով, նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը:
«Ադրբեջանը խափանել էր ԼՂ կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը ԼՂ խստաշունչ եղանակային պայմաններում»,- նշեց նախարարը:
ԱԳ նախարարի խոսքով՝ այս ներխուժումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի կողմից:
«Դա բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը գոհունակությամբ փաստեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժին:
Միրզոյանը շեշտեց, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին:
«Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նույնը և այսօր: Ինչպես գիտեք, Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ դրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը: Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ եմզ համար սկզբունքային է ԼՂ իրավունքների և ԼՂ կարգավիճակի հարցը: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին»,- ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ սահմանագոտում ձեռնարկել կայունության բարձրացման քայլեր, այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ, խորհրդակցություններ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Այստեղ ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ ավելի լայն առումով համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ ու նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշում որոշելու դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ»,- ասաց նախարարը: