Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին է ներկայացում բուհի լաբորատորիաներից մեկը: Այս սարքով նրանք Վեդիի ջրամբարի պատվարի ամրության ու նյութերի փորձաքննություն են անցկացրել:
Եթե այս սարքավորումը չպատրաստեին, ապա շինարարը ստիպված պիտի լիներ նյութերն ուղարկել Իրան, որտեղ փորձարկում պիտի անեին ու եզրակացություն ուղարկեին:
Ջրի քիմիայից մինչև անօդաչու թռչող սարքերով երկրաբանական ուսումնասիրություն. նախարարը շրջեց բուհով ու ծանոթացավ ճարտարապետաշինարարության ոլորտում ժամանակակից սարքավորումներին, որոնց մի մասը Հայաստանում միայն Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն ունի: Նախարար Գնել Սանոսյանը կարևորեց սարքավորումների ակտիվ օգտագործումը և զարգացումը:
Գնել Սանոսյան (տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար) - Մենք արդեն մի քանի համագործակցել ենք և առիթ ենք ունեցել բուհին պատվիրել ուրոշակի աշխատանքներ, որոնք մեր ոլորտում կարևոր են ու մասնագիտական, գիտական մտքի և ուսումնասիության կարիք ունեն: Արված աշխատանքը շատ գոհացուցիչ է:
Այն, ինչ պետության տարբեր օղակներում անհրաժեշտ է, պետք է դասավանդվի նաև բուհերում՝ հավելեց Գնել Սանոսյանը: Բուհի ռեկտորն էլ շեշտեց՝ ներկայումս ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի վերանայման փուլում են, կրթական գործընթացի մեջ ավելացրել են գործնական պարապմունքների ժամերը, իսկ բուհի լաբորատոր հնարավորություններն ուսանողներն ակտիվ օգտագործում են:
Եղիազար Վարդանյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր) - ՀՀ-ում առաջինը ձեռք են բերելու եռաչափ բետոնի տպիչ, որը հնարավորություն կտա տպելու մինչև 3 մետր բարձությամբ և 25 ք. մ ծավալով բետոնե շինություններ:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: Սակայն կողմերը փաստեցին, որ հուշագրով չէ, որ մեկնարկում է նրանց համագործակցությունը, քանի որ ուսանողներն արդեն պրակտիկա են անցնում կամ աշխատում նախարարությունում, նախարարությունն էլ մեկ անգամ չէ, որ օգտվել է բուհի լաբորատորիաներից:
Հեղինակ՝ Անի Օհանյան