ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՌԴ-Ի ՄԻՋԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն: Նրա խոսքով` ուկրաինական կողմին է փոխանցվել 86 ուկրաինացի զինծառայող, որոնցից 15-ը՝ կին: Ռուսական կողմին փոխանցված գերիների թիվը դեռևս հայտնի չէ:
Փոխանակումը տեղի է ունեցել բանակային խմբերի միջև պայմանավորվածության համաձայն: Կողմերի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել մարտի 24-ին:
ԿԻԵՎԸ ՀԵՐՔԵԼ Է ՆԱՎԹԱԲԱԶԱՅԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Բելգորոդի նավթաբազայում տեղի ունեցածի համար պատասխանատու է Ռուսաստանի ղեկավարությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը։
«Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը։ Մենք պաշտպանական գործողություններ ենք իրականացնում մեր տարածքում։ Թե ինչ է տեղի ունեցել Բելգորոդում՝ Մոսկվան պետք է պարզի», - նշել է նա։
Մոսկվան նավթաբազայի թիրախավորման համար մեղադրում է ուկրաինական կողմին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է՝ նման գործողությունները նպաստավոր պայմաններ չեն ստեղծում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար։
Ավելի վաղ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհ էր բռնկվել, ըստ տեղի իշխանությունների՝ ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանքով։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է՝ կան տուժածներ։ Կրակը վնասել է նավթի պահեստավորման 16 տարայից 8-ը։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։
ՌԴ-Ն ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԶՈՐՔԵՐԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսաստանը վերախմբավորում է իր զորքերը այն տարածքներում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը հակահարված են տալիս ռուսական ուժերին, և տեղափոխում է այնպիսի տարածքներ, որտեղ ուկրաինացիները կարող են դժվարությունների բախվել՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա զգուշացրել է՝ առաջիկայում մարտեր են սպասվում։
«Մենք դեռ շատ դժվար ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի ստանանք այն, ինչին ձգտում ենք»,- հավելել Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և ընդգծել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարևորությունը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը ավելի քան 1 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մարտի 29-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հերթական փուլի արդյունքները։
«Բանակցողների դրական և կառուցողական շփումը խաղաղության հույս է ներշնչում»,- ընդգծել է Էրդողանը։
Նա ևս մեկ անգամ հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև մի շարք հումանիտար հարցերի։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՄ-ՉԺՀ ԱՌՑԱՆՑ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Այսօր տեղի է ունեցել Եվրամիություն-Չինաստան առցանց գագաթնաժողովը։ Հանդիպմանը մասնակցել են նախագահ Սի Ծինփինը, վարչապետ Լի Կեցյանը, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Սի Ծինփինը համոզմունք է հայտնել, որ Պեկինը և Եվրամիությունը պետք է գործակցեն՝ Ուկրաինայում լայնածավալ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
«Աշխարհը պետք է աջակցի Ռուսաստանի և Ուկրաինայի երկխոսությանը, ոչ թե կրակի վրա յուղ լցնի։ ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության մեխանիզմ ստեղծեն Եվրոպայում»,- ընդգծել է նա։
Չինաստանի վարչապետի խոսքով էլ՝ պաշտոնական Պեկինը շարունակելու է չեզոք դիրքորոշում պահպանել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում։
Եվրամիությունը նախազգուշացրել է Չինաստանին, որ մտադիր է կանխել Պեկինի հնարավոր աջակցությունը Ռուսաստանին։ Այդ մասին էլ հայտարարել է Շառլ Միշելը։
«Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձ կերկարաձգի պատերազմը»,- ասել է ԵԽ նախագահը։
Ֆոն դեր Լայենի խոսքով էլ՝ գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայում իրադրության շուրջ կողմերը հակառակ դիրքորոշումներ են արտահայտել: Եվրահանձնաժողովի նախագահը չինացի գործընկերներին հայտնել է, որ Մոսկվային ռազմական աջակցություն տրամադրելու դեպքում Պեկինը կկորցնի իր հեղինակությունը Եվրոպայի աչքում։