ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի և Արագ արձագանքման բժշկական թիմերի (EMT) քարտուղարության հետ ավարտել են նախապատրաստական քննարկումները: ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականի աշնանը համաշխարհային համբավ վայելող Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումն անցկացնել Հայաստանում:
Հիշեցնենք, որ ԱԱԲԹ թվով 3-րդ հանդիպումը կայացել է 2016 թվականին Հոնկոնգում, 4-րդը՝ 2019 թվականին՝ Թաիլանդում, որտեղ ամբողջ աշխարհից համախմբվել էին արագ արձագանքման ոլորտի փորձագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի քաղաքականություն կերտողներ:
Հանդիպումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ողջունել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը.
«Միջոցառումը մեզ համար կարևոր է արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, առողջապահական կարողությունների զարգացման և Արագ արձագանքման բժշկական թիմի գլոբալ ցանցի մաս դառնալու տեսանկյունից»,- նշել է նախարարը:
Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանում Արագ արձագանքման ազգային թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկից ի վեր հայաստանյան և ԱՀԿ թիմերի արդյունավետ գործակցությունը:
Արագ արձագանքման բժշկական թիմը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված մասնագետների խումբ է, որն, ըստ անհրաժեշտության, պատրաստ կլինի արձագանքել արտակարգ իրավիճակներում և բնական աղետների ժամանակ: Նշված թիմերը ոչ միայն առողջապահական հավելյալ ներուժ են, այլև օգնում են զարգացնել և ամրապնդել երկրների առողջապահական համակարգերը:
Արագ արձագանքման բժշկական թիմի ծրագրի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն շնորհակալություն է հայտնել նախարարին՝ առաջիկա գլոբալ համաժողովը հյուրընկալելու հանձնառության համար.
«Հայաստանում կհավաքվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԱԲԹ բոլոր 6 տարածաշրջանային թիմերը, Հայաստանը նաև հարթակ կդառնա Եվրոպական տարածաշրջանի թիմերի համար՝ հավաքվելու և քննարկելու Առողջապահական համաշխարհային 75-րդ վեհաժողովից բխող առաջնահերթությունները, աշխատանքային ծրագրերն ու հետագա քայլերը»։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջիհան Թաուիլահը բարձր է գնահատել «Առողջապահության նախարարության և նրա ղեկավարության լիակատար հանձնառությունը՝ առաջիկա միջոցառումը Հայաստանում անցկացնելու համար. «Ես շատ ուրախ եմ, որ ԱՀԿ-ն ԱԱԲԹ ցանցի հետ միասին նպաստում է Հայաստանում առողջության անվտանգության ապահովմանը՝ այդպիսով օգուտ բերելով բոլոր քաղաքացիներին»:
Աշնանը նախատեսված եռօրյա միջոցառումը կներառի ինչպես լիագումար, այնպես էլ ԱԱԲԹ մասնագիտացված և տեխնիկական բնույթի նիստեր: