Մոլդովա են ժամանել Ավստրիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, Չեխիայի և Սլովակիայի արտգործնախարարներ Յան Լիպավսկին և Իվան Կորչոկը՝ հայտնում է ТАСС-ը:
Նրանց այցի նպատակն է օգնել Մոլդովային՝ հաղթահարելու Ուկրաինայից փախստականների հոսքի հետ կապված ճգնաժամը:
Մոլդովայի արտգործնախարար Նիկոլաե Պոպեսկուի հետ հանդիպման ժամանակ Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը նախատեսել է 10 միլիոն եվրո օգնություն հատկացնել Մոլդովային: Իր հերթին, Լիպավսկին ասել է, որ այդ նպատակի համար Չեխիան Մոլդովային կտրամադրի գրեթե 3,5 մլն եվրո։ Նրա խոսքով՝ Քիշնևին լրացուցիչ օգնություն են նախատեսել ուղարկել նաև չեխական հասարակական կազմակերպությունները: Կորչոկն էլ հավելել է, որ Սլովակիան նույնպես Մոլդովային կտրամադրի «50 հազար եվրոյի խորհրդանշական օգնություն»։
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 390 հազար փախստական Ուկրաինայից հատել է Մոլդովայի սահմանը։ Ընդունման կետերում նրանց տրամադրվում են ժամանակավոր կացարաններ, սնունդ և հիգիենայի պարագաներ։ Այնուամենայնիվ, կարճատև հանգստից հետո մարդկանց մեծ մասը տեղափոխվում է Ռումինիա և ԵՄ այլ երկրներ։
Ներկա դրությամբ Մոլդովայում կա ավելի քան 95 հազար փախստական, որից մոտ 5,9 հազարը ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Միգրացիոն բյուրո։