Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը համագործակցության հուշագիր կնքեցին:
Ջանքերը կմեկտեղեն՝ քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, Շիրակի մարզում բնակվող զինվորների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Հիմնադրամը հետայսու իրագործելու է մարդկային կապիտալի զարգացման ծրագրեր, այս համատեքստում որոշեցինք, որ ծրագրերից մեկը վերաբերելու է 44-օրյա պատերազմում մասնակցած մեր հերոսներին, որոնք վիրավորում և հաշմանդամություն են ձեռք բերել:
Նախատեսում են մարզում կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ և կարիերայի ուղղորդման ճամբարներ, որոնք կխթանեն աշխատելու ցանկությունն ու կակտիվացնեն նրանց կապը գործատուների հետ:
Մխիթար Հայրապետյան - Նախ՝ մի կողմից՝ մենք փորձում ենք հասկանալ ամբողջ Շիրակի մարզի տնտեսական կարողությունները, կարիքները, մյուս կողմից՝ մասնագետների ներգրավմամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում պատերազմին մասնակցած տղաների հետ՝ փորձելով հասկանալ՝ այսօր ինչպիսի պատկերացումներ ունեն, որտեղ են փորձում ռեալիզացվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար սա առաջին աշխատանքը չէ, որի ակնկալվող արդյունքը հաշմանդամություն ձեռք բերած տղաների՝ հասարակության մեջ լիարժեք վերաինտեգրվելն ու նոր հմտություններ և սոցիալական կապեր ձեռք բերելն է։
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Իրականացվել են կրթական, վերապատրաստման, մասնագիտական կողմնորոշման ամենատարբեր ծրագրեր, որի շնորհիվ պատերազմի մասնակից և վիրավորում ստացած շուրջ 1000 մարդ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, հնարավորություն են ունեցել մասնակցել ծրագրերին և ապահովվել զբաղվածությամբ:
Վերականգնողական շրջանից հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատաշուկա: Դա հնարավորություն կտա ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները։
Նարեկ Մկրտչյան - Կարիքի գնահատում է արվում, այսինքն՝ ինչպիսի կրթություն ունի, ինչ լեզուների է տիրապետում, ինչ հմտություններ ունի, ըստ դրա առաջադրվում է մոդելը, որի հիման վրա ստանում են կրթություն, վերապատրաստում:
Արդյունքում պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման, աշխատաշուկայում ինտեգրման ուղղությամբ նոր մեխանիզմներ և գործիքներ կստեղծվեն, որոնք հետագայում կարող են կիրառվել պետության կողմից: