Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրիում իրականացված «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները: Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ներգրավմամբ Գյումրիում ուսումնասիրություններ են կատարել՝ արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մեթոդաբանության մշակելու համար:
Կոմիտեի կազմակերպած տասնօրյա աշխատաժողովի ընթացքում կատարված համատեղ աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցչի, բուհի պրոռեկտորի և դասախոսների մասնակցությամբ: Տեսակապի միջոցով միջոցառմանը հետևել են նաև Գյումրիի ակադեմիայից:
Իտալացի փորձագետների մշակած հարցաշարի հիման վրա ուսանողները տվյալներ են հավաքագրել արգելոց-թանգարանի քիչ հետազոտված հատվածների վերաբերյալ, հստակեցրել լուծում պահանջող խնդիրները։ Հաջորդիվ մշակվելու են առաջարկներ՝ ինչպես վերականգնել, վերաօգտագործել արգելոց-թանգարանի ճարտարապետական միջավայրը՝ պահպանելով պատմամշակութային արժեքը։ Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ներգրավված փորձագետները նշել են, որ առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև բնակչության հետ աշխատանքներին՝ բարձրացնելու համար նրանց գիտակցությունը՝ պատմական արժեք ներկայացնող շենքերում ապրելու կարևորության և դրանից բխող պատասխանատվության վերաբերյալ։
Միջոցառման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն ընդգծել է, որ ծրագրի շնորհիվ ձևավորվել է յուրահատուկ՝ պետական մարմին-բուհ-միջազգային փորձագետ համագործակցություն՝ ուղղված մեկ ընդհանուր գաղափարի իրագործմանը։ Իսկ իրենց ուսումնասիրությունները ներկայացնող ուսանողները կարևորել են փորձագետների փոխանցած՝ ճարտարապետական հետազոտություն կատարելու մոտեցումները։
Արդյունքների ամփոփումից հետո աշխատաժողովի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: