Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի և Արփինե Դավոյանի հեղինակած՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո որոշ խոշորացված համայնքներում ՏԻՄ կառավարումը խաթարված է:
Նա նշեց, որ, օրինակ, դատարանի որոշմամբ Վանաձոր համայնքի ղեկավար ընտրելու նիստը տևական ժամանակ է՝ չի կայանում, ինչի հետևանքով նորընտիր ավագանին նիստ չի կարողանում գումարել:
Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար` մինչև օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Կառավարությունը նախաձեռնությանը տվել էր դրական եզրակացություն: