Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բելգորոդի մարզի նավթի պահեստում: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ դա տեղի է ունեցել ուկրաինական երկու ուղղաթիռների իրականացրած գնդակոծության հետևանքով։ Երկու մարտական ուղղաթիռները չկառավարվող հրթիռներ արձակելուց հետո հեռացել են մեծ արագությամբ՝ թռչելով շատ ցածր՝ հայտնում է Interfax-ը:
Ոչ ոք չի մահացել, վիրավորվել է նավթի պահեստի երկու աշխատակից՝ ասել է նահանգապետը և հաստատել, որ բռնկված հրդեհի պատճառով վառելիքի պակաս նահանգում չի սպասվում:
ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհը մարում է 194 փրկարար՝ 59 միավոր տեխնիկայի աջակցությամբ, օգտագործվում է նաև հրշեջ գնացք։
Հրդեհը մարելու ընթացքում որոշ ժամանակով տարհանվել են բազայի հարակից փողոցների բնակիչները։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բելգորոդում գնդակոծվել է նաև տպարանը: Ենթադրում են, որ հարձակումն իրականացրել են նավթի պահեստի վրա հարձակված ուկրաինական ուղղաթիռները:
Բելգորոդում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Կուրսկի շրջանի բոլոր իրավապահ մարմինները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը: