Շվեդիան և Ֆինլանդիան կարող են արագ միանալ ՆԱՏՕ-ին, եթե որոշեն դիմել անդամակցության համար: Սկանդինավյան այս երկու երկրի զինված ուժերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ Ֆինլանդիան կազմակերպության մերձավոր գործընկերն է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Ֆինլանդիան ինքը պետք է որոշի, թե արդյոք ցանկանո՞ւմ է անդամակցել Դաշինքին։ Իր հերթին, ՆԱՏՕ-ն հարգելու է ցանկացած ընտրություն, ներառյալ՝ չեզոք, «ոչ բլոկային» պետություն մնալու մտադրությունը:
Մարտի 26-ին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել էր, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարձրացնի լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սակայն նա հավելել էր, որ Դաշինքին անդամակցելու առավելությունները գերազանցում են թերությունները։ Իսկ ամենակարևորը՝ դա կօգնի լուծում գտնել երկրի անվտանգության համար։
Միևնույն ժամանակ, ֆինների շրջանում մեծանում է Ֆինլանդիայի՝ ռազմական բլոկին միանալու կողմնակիցների թիվը: Kantar TNS Helsingin Sanomat-ի վերջին սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ բնակիչների 61%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, 16%-ը դեմ է, իսկ 23%-ը չի կողմնորոշվել։ Ըստ նախորդ հարցման արդյունքների, որն անցկացվել էր մարտի 18-23-ին, անդամակցության աջակիցները կազմում են 54%, հակառակորդները՝ 21%։