Ադրբեջանը հերթական առիթն օգտագործում է Փառուխում դիրքերն ամրապնդելու համար՝ այս համոզմանն է մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը: Ադրբեջանի քարոզչամեքենան նորից անցել է գործի ու այս անգամ հայտարարում է, թե Փառուխում գերեզման են հայտնաբերել, որտեղ հայերը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զանգվածային թաղել են ադրբեջանցի զինվորներին: Մինչդեռ փաստերն այլ բան են վկայում:
Լևոն Եպիսկոպոսյան (մարդաբան) - Եթե վերցնենք ժամանակահատվածը՝ 1992 թվականից մինչև 2022 թվական` 30 տարի, 30 տարվա ընթացքում այսպիսի հաղարտ բան չի լինում, այսինքն՝ ոսկորներն այս տեսքը չեն ստանում: Սրանք պետք է բավականին երկար մնան հողի մեջ, սրանք պետք է քայքայվեն, մաքրվեն, մասնագետներն ասում են՝ ֆոսիլիզացում, այսինքն` նրանք որոշ չափով քարանում են:
Մասնագետը վստահեցնում է՝ հայտնաբերված ոսկորներն ավելի հին են, հավանաբար` միջնադարից: Եպիսկոպոսյանը գործընկերների հետ Արցախի շատ բնակավայրերում, մասնավորապես` Փառուխում, բազմաթիվ ուսումնասիրություններ է արել, Արցախում զանգվածային թաղում նույնիսկ ժանտախտի ժամանակաշրջանում երբևէ չեն հայտնաբերել: Մասնագետը պնդում է՝ այս ոսկորները Փառուխի գերեզմանից են, որը ադրբեջանական կողմը քանդել է:
Լևոն Եպիսկոպոսյան - Մենք տեսնում ենք, որ գանգերն այստեղ բավականին լայն են, շատ արտահայտված լայն գանգեր են, մասնագետները լայն գանգը ասում են «բրախի կեֆալ», այսինքն` «լայն գանգ ունեցողները», այս գանգը բնորոշ է հայերին: Մենք էթնոգենեզի ընթացքում չենք խառնվել ուրիշ ցեղերի, ցեղախմբերի հետ, և մեզ մոտ ձևավորվել է մի յուրահատուկ գանգի ձև, որը մասնագետը ժամանակին՝ 100 տարի առաջ, կոչել է Արմենոիդ տարբերակ:
Ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած պնդումներին, թե Փառուխում թաղվածները կարող են Իվանյանում 1992-1993 թվականներին զոհվածներ լինել, Լևոն Եպիսկոպոսյանն անտրամաբանական է համարում, բացառում զանգվածային թաղումները:
Լևոն Եպիսկոպոսյան - Խոջալուից կամ Իվանյանից մինչև այս տարածք այս դիրքը մոտավորապես 10-12 կիլոմետր է: Դուք պատկերացրեք` պատերազմի պայմաններում մարդիկ վերցնում են, այսինքն` հայերը վերցրել են 50-60 աճյունները և տեղափոխել են 12 կիլոմետր, բերել են այս տարածքը: Հայերի համար սա սուրբ տարածք է նաև, ինչո՞ւ. այստեղ կան բազմաթիվ դամբարանադաշտեր, էստեղ կա հայտնի դամբարանադաշտ:
Ադրբեջանական պետական քարոզչամեքենան լուսանկարին կից հրապարակել է նաև ադրբեջանցի 62 անհայտ կորածների տվյալներ, որոնց մեծ մասը, ըստ ծննդյան տարեթվերի, 19-22 տարեկան են, մինչդեռ ըստ մասնագետի՝ մասունքներից պարզ երևում է՝ ավելի հասուն տարիքի մարդիկ են: